Հակոբոս 2:1-7

Հակոբոս 2:1-7 ՆՎԱԱ

Եղբայրնե՛ր իմ, աչառությամբ մի՛ ունեցեք մեր Տեր Հիսուս Քրիստոսի՝ փառքի Տիրոջ հավատը։ Եթե ձեր ժողովարանը մի մարդ մտնի, որ ոսկե մատանի և շքեղ հագուստ ունի, և այնտեղ մտնի նաև մի աղքատ՝ կեղտոտ հագուստով, և ուշադրություն դարձնեք նրան, ով շքեղ հագուստ ունի, ու ասեք. «Դու այս պատվավոր տե՛ղը նստիր», իսկ աղքատին ասեք. «Դու այդտե՛ղ կանգնիր» կամ «Եկ այստե՛ղ, պատվանդանիս մո՛տ նստիր», դուք ձեր մեջ աչառություն արած չե՞ք լինի կամ չար խորհուրդների դատավորներ չե՞ք լինի։ Լսե՛ք, իմ սիրելի՛ եղբայրներ, չէ՞ որ Աստված այս աշխարհի աղքատներին ընտրեց, որոնք հավատով հարուստ են ու ժառանգորդները այն արքայության, որ Աստված խոստացավ իրեն սիրողներին։ Բայց դուք աղքատին անպատվեցիք. չէ՞ որ հարուստներն են ձեզ հարստահարում, և նրանք են ձեզ դատարան քարշ տալիս։ Չէ՞ որ նրանք են հայհոյում այն բարի անունը, որով դուք կոչված եք։