Հակոբոս 2:1-13

Հակոբոս 2:1-13 ՆՎԱԱ

Եղբայրնե՛ր իմ, աչառությամբ մի՛ ունեցեք մեր Տեր Հիսուս Քրիստոսի՝ փառքի Տիրոջ հավատը։ Եթե ձեր ժողովարանը մի մարդ մտնի, որ ոսկե մատանի և շքեղ հագուստ ունի, և այնտեղ մտնի նաև մի աղքատ՝ կեղտոտ հագուստով, և ուշադրություն դարձնեք նրան, ով շքեղ հագուստ ունի, ու ասեք. «Դու այս պատվավոր տե՛ղը նստիր», իսկ աղքատին ասեք. «Դու այդտե՛ղ կանգնիր» կամ «Եկ այստե՛ղ, պատվանդանիս մո՛տ նստիր», դուք ձեր մեջ աչառություն արած չե՞ք լինի կամ չար խորհուրդների դատավորներ չե՞ք լինի։ Լսե՛ք, իմ սիրելի՛ եղբայրներ, չէ՞ որ Աստված այս աշխարհի աղքատներին ընտրեց, որոնք հավատով հարուստ են ու ժառանգորդները այն արքայության, որ Աստված խոստացավ իրեն սիրողներին։ Բայց դուք աղքատին անպատվեցիք. չէ՞ որ հարուստներն են ձեզ հարստահարում, և նրանք են ձեզ դատարան քարշ տալիս։ Չէ՞ որ նրանք են հայհոյում այն բարի անունը, որով դուք կոչված եք։ Սակայն եթե թագավորական օրենքը Սուրբ Գրքի համաձայն եք կատարում՝ «Պիտի սիրես քո ընկերոջը, ինչպես ինքդ քեզ» , լավ եք անում։ Բայց եթե աչառություն եք անում, մեղք եք գործում՝ օրենքից որպես օրինազանցներ դատապարտվելով։ Որովհետև ով ամբողջ օրենքը պահի և մեկ բանում սայթաքի, ամբողջ օրենքին պարտական կլինի. քանի որ նա, ով ասաց՝ «Մի՛ շնացիր», նաև ասաց՝ «Մի՛ սպանիր» ։ Ուստի եթե շնություն չանես, բայց սպանես, միևնույն է, օրինազանց կլինես։ Այնպե՛ս խոսեք ու այնպե՛ս արեք, որպես թե ազատության օրենքով եք դատվելու. որովհետև անողորմի նկատմամբ անողորմ դատաստան է լինելու. ողորմածությունը արհամարհում է դատաստանը։