Հանուն Սիոնի ես չեմ լռելու, հանուն Երուսաղեմի չեմ հանգստանալու, մինչև նրա արդարությունը պայծառորեն փայլատակի, և նրա փրկությունը՝ բոցավառ ջահի պես։ Ազգերը պիտի տեսնեն քո արդարությունը, և բոլոր թագավորները՝ քո փառքը. նոր անունով պիտի կոչվես, որ Տիրոջ բերանն է տալու։ Դու շքեղության պսակ պիտի լինես Տիրոջ ձեռքում և արքայական թագ՝ քո Աստծու ափի մեջ։ Այլևս քեզ «Լքյալ» չեն ասի և քո երկիրն այլևս չեն կոչի «Ամայի», այլ քեզ պիտի կոչեն «Իմ հավանածը» և քո երկիրը պիտի կոչեն «Ամուսնացյալ», որովհետև Տերը հավանելու է քեզ, և քո երկիրը կամուսնանա։ Արդարև, ինչպես երիտասարդն է ամուսնանում կույսի հետ, այնպես էլ քո որդիները կամուսնանան քեզ հետ, և ինչպես փեսան է ուրախանում հարսով, այնպես էլ քո Աստվածը կուրախանա քեզնով։ Քո պարիսպների վրա, ո՛վ Երուսաղեմ, պահապաններ եմ դրել. նրանք ամբողջ օրն ու գիշերը բնավ չպիտի լռեն։ Դուք, որ Տիրոջը հիշատակում եք, դադար մի՛ առեք և դադար մի՛ տվեք նրան, մինչև հաստատի Երուսաղեմն ու այն գովաբանություն դարձնի երկրի վրա։ Տերը երդում է արել իր աջ ձեռքով և իր զորավոր բազկով. «Քո ցորենն այլևս երբեք չեմ տալու քո թշնամիներին իբրև կերակուր, և օտարների որդիները չեն խմելու նոր գինին, որի համար դու հոգնեցիր, այլ հնձողները պիտի ուտեն այն ու օրհնաբանեն Տիրոջը, և ովքեր հավաքել են խաղողները, նրա՛նք պիտի խմեն այն իմ սրբարանի գավիթներում»։ Անցե՛ք, անցե՛ք դռներով, պատրաստե՛ք ժողովրդի ճանապարհը, շտկե՛ք, շտկե՛ք ուղին, մաքրե՛ք քարերից, դրոշա՛կ բարձրացրեք ժողովուրդների վրա։ Ահա թե Տերն ի՛նչ լսել տվեց մինչև երկրի ծայրերը. «Ասացե՛ք Սիոնի դստերը. “Ահավասիկ գալիս է քո Փրկիչը, ահավասիկ նրա վարձը նրա հետ է, և նրա հատուցումը՝ նրա առաջ”»։ Նրանց պիտի կոչեն «Սուրբ ժողովուրդ, Տիրոջ փրկվածներ», և քեզ պիտի կոչեն «Փնտրված և չլքված քաղաք»։