ԵՍԱՅԻ 60

60
Երուսաղեմի ապագա փառքը
1Վե՛ր կաց, լուսավորվի՛ր, որովհետև եկել է քո լույսը, և Տիրոջ փառքը ծագեց քեզ վրա։ 2Ահա խավարը կծածկի երկիրը, և մառախուղը՝ ժողովուրդներին. բայց Տերն ահա ծագում է քեզ վրա, և նրա փառքը կերևա քեզ վրա։ 3Ազգերը կգան դեպի քո լույսը, և թագավորները՝ դեպի քո ծագող պայծառությունը։ 4Բարձրացրո՛ւ աչքերդ և նայի՛ր քո շուրջը. բոլորը հավաքված գալիս են դեպի քեզ. քո որդիները գալիս են հեռվից, և քո դուստրերը՝ գրկում մանուկների պես։ 5Դու պիտի տեսնես և լուսափայլ դառնաս, և սիրտդ պիտի բաբախի ու լայնանա, որովհետև քեզ պիտի դառնա ծովի առատությունը, քեզ պիտի գա ազգերի հարստությունը։ 6Քեզ պիտի ծածկի ուղտերի բազմությունը՝ Մադիամի և Գեփայի ուղտի ձագերը, բոլորը Սաբայից են գալու, ոսկի ու կնդրուկ են բերելու և Տիրոջ գովաբանությունն են ավետելու։ 7Կեդարի բոլոր հոտերը քեզ մոտ պիտի հավաքվեն, Նաբեոթի խոյերը պիտի ծառայեն քեզ. դրանք պիտի ելնեն իմ զոհասեղանի վրա իբրև ընդունելի զոհ, և ես փառավոր պիտի դարձնեմ իմ փառքի տունը։
8Ովքե՞ր են սրանք, որ թռչում են ամպի նման և աղավնիների պես՝ դեպի իրենց բույները։ 9Ծովեզրերը սպասում են ինձ, Թարսիսի նավերը դրանց առջևում են, որպեսզի հեռվից բերեն քո որդիներին և նրանց հետ՝ նրանց արծաթն ու նրանց ոսկին Տիրոջ՝ քո Աստծու անվան համար, Իսրայելի Սրբի համար, որը քեզ փառավորում է։ 10«Օտարների որդիները պիտի կառուցեն քո պարիսպները, և նրանց թագավորները պիտի ծառայեն քեզ, որովհետև իմ սրտմտության ժամանակ հարվածեցի քեզ, բայց իմ բարեհաճությամբ գթացի քեզ։ 11Քո դռները միշտ բաց պիտի լինեն, դրանք ցերեկ ու գիշեր չպիտի փակվեն, որպեսզի ազգերի հարստությունը բերեն քեզ մոտ նրանց թագավորների հանդիսավոր շքերթով։ 12Այն ազգը կամ այն թագավորությունը, որ քեզ չի ծառայելու, պիտի կորչի. այդպիսի ազգերն ամբողջովին պիտի կործանվեն։ 13Լիբանանի փառքը քեզ է գալու՝ մայրին, սոսին և տոսախը միասին՝ իմ սրբարանի տեղը զարդարելու համար. և ես իմ ոտքերի տեղը կփառավորեմ։ 14Քեզ տանջողների որդիները խոնարհվելով քեզ մոտ պիտի գան, և բոլոր քեզ անարգողները պիտի երկրպագեն քո ոտքերի թաթերի մոտ ու քեզ կոչեն “Տիրոջ քաղաք, Իսրայելի Սրբի Սիոն”։ 15Դու լքված և ատված ես եղել, և ոչ ոք չէր անցնում քո միջով. դրա փոխարեն ես քեզ պիտի դարձնեմ հավիտենապես մեծափառ, ցնծություն՝ սերնդից սերունդ։ 16Դու պիտի ծծես ազգերի կաթը, դու պիտի ծծես թագավորների ստինքը և պիտի իմանաս, որ ես՝ Տերը, քո Փրկիչն եմ և քեզ ազատագրողը, Հզորը Հակոբի։ 17Պղնձի փոխարեն ոսկի պիտի բերեմ, երկաթի փոխարեն՝ արծաթ, փայտի փոխարեն՝ պղինձ, քարերի փոխարեն՝ երկաթ ու խաղաղությունը քո վերակացուն պիտի դարձնեմ և արդարությունը՝ քո գործավարները։ 18Քո երկրում այլևս լսելի չեն լինելու բռնությունը, ոչ էլ քո սահմաններում՝ ավեր ու քանդում. դու քո պարիսպները կոչելու ես Փրկություն և քո դռները՝ Գովաբանություն։ 19Ցերեկն այլևս արևը չի լինելու քո լույսը, և լուսինը քեզ չի լուսավորելու գիշերը, այլ Տերը կլինի հավիտենական լույսը, և քո Աստվածը՝ քո փառքը։ 20Քո արևն այլևս մայր չի մտնի, և քո լուսինը չի խավարի, այլ Տերը պիտի լինի քո հավիտենական լույսը, և քո սգի օրերը պիտի վերջանան։ 21Քո ժողովուրդը, բոլորը արդար պիտի լինեն, հավիտենապես պիտի ժառանգեն երկիրը՝ իմ տնկած ընձյուղը, իմ ձեռքի գործը, որ ես փառավորվեմ։ 22Ամենասակավը հազար պիտի դառնա, և ամենաչնչինը՝ զորավոր ազգ։ Ես եմ Տերը. պիտի փութացնեմ այդ իր ժամանակին»։

Արդեն Ընտրված.

ԵՍԱՅԻ 60: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք