Տիրոջ ձեռքը վստահաբար չի կարճացել, որ չփրկի, և նրա ականջը չի ծանրացել, որ չլսի, այլ ձեր անօրենություններն են, որ բաժանում են առաջացնում ձեր և ձեր Աստծու միջև. ձեր մեղքերը ծածկեցին նրա երեսը ձեզնից, որ ձեզ չլսի, որովհետև ձեր ձեռքերը պղծված են արյունով, և ձեր մատները՝ անօրենությամբ, ձեր շրթունքները սուտ են խոսում, ձեր լեզուն անիրավություն է մրթմրթում։ Չկա մեկը, որ արդարության համար բողոքի, և չկա մեկը, որ ճշմարտությամբ դատ վարի. նրանք հույս են դնում դատարկ բաների վրա և սին բաներից են խոսում, թշվառություն են հղանում և անօրենություն են ծնելու։ Նրանք քարբ օձի ձվերով են թուխս նստում և սարդոստայն են հյուսում. նրանց ձվերից ուտողը կմեռնի, և ջարդվողից իժ է դուրս գալիս։ Նրանց ոստայնները հագուստ չեն դառնա, և մարդիկ չեն կարող ծածկվել իրենց գործերով. նրանց գործերն անօրենության գործեր են, և բռնության գործ է նրանց ձեռքում։ Նրանց ոտքերը վազում են դեպի չարություն, և նրանք շտապում են անմեղ արյուն թափել, նրանց խորհուրդներն անօրենության խորհուրդներ են, նրանց ճանապարհներին ավերում և քանդում կա։ Նրանք չգիտեն խաղաղության ճանապարհը, և իրավունք չկա նրանց ուղիներում։ Նրանք ծռմռել են իրենց շավիղները, և ով ման է գալիս դրանցում, խաղաղություն չի ճանաչելու։
Դրա համար իրավունքը հեռացավ մեզնից, և արդարությունը չի հասնում մեզ։ Սպասում ենք լույսի, և ահա խավար է, պայծառության, և ահա քայլում ենք մթության մեջ։ Կույրերի նման պատն ենք շոշափում և աչք չունեցողի պես խարխափում ենք. գլորվում ենք կեսօր ժամանակ, կարծես թե մթնշաղ լինի, կորովի մարդկանց մեջ լինելով՝ մեռելների պես ենք։ Ամենքս մռնչում ենք արջերի նման և ճվճվում աղավնիների պես, սպասում ենք դատաստանի, բայց այն չկա, փրկության, բայց այն հեռու է մեզնից, քանզի շատացել են մեր հանցանքները քո առաջ, և մեր մեղքերը մեր դեմ են վկայում. մեր հանցանքները մեզ հետ են, և մենք գիտենք մեր անօրենությունները։ Հանցանք ենք գործել, ուրացել ենք Տիրոջը, հրաժարվել ենք մեր Աստծուն հետևելուց, հարստահարություն և ապստամբություն ենք խոսել և մեր սրտերում սուտ խոսքեր հղացել։ Հետ է քաշվել իրավունքը, արդարությունը կանգնել է հեռվում, ճշմարտությունը սայթաքում է հրապարակում, և ուղղամտությունը չի կարողանում ներս մտնել։ Ճշմարտությունը պակասեց, և չարությունից հեռացողը կողոպտվում է։ Տերը տեսավ, և դա չար երևաց նրա աչքին, որովհետև իրավունք չմնաց։
Նա տեսավ, որ մարդ չկար, և ապշեց, որ միջամտող չկար։ Այն ժամանակ նրա բազուկն օգնեց իրեն, և նրա արդարությունը նեցուկ եղավ իրեն։ Նա հագավ արդարությունն իբրև զրահ և փրկության սաղավարտը դրեց իր գլխին. հագավ վրեժխնդրության զգեստն իբրև պատմուճան և նախանձախնդրությունն իր վրա գցեց իբրև վերարկու։ Նա հատուցում է տալու ըստ արարքների. զայրույթ իր հակառակորդներին, հատուցում՝ իր թշնամիներին. նաև ծովեզրի երկրներին պիտի հատուցի իրենց վարձը։ Արևմուտքում պիտի վախենան Տիրոջ անունից, և արևելքում՝ նրա փառքից, որովհետև նա կգա վարար գետի նման, որին Տիրոջ շունչն է քշում։ «Մի Փրկարար է գալու Սիոն և Հակոբի մեջ՝ իրենց հանցանքներից դարձի եկողներին»,- ասում է Տերը։ «Այս է իմ ուխտը նրանց հետ,- ասում է Տերը։- Իմ հոգին, որ քեզ վրա է, և իմ խոսքերը, որ քո բերանն եմ դրել, չպիտի պակասեն քո բերանից, քո զավակների բերանից և քո զավակների զավակների բերանից,- ասում է Տերը,- այսուհետև մինչև հավիտյան»։