ԵՍԱՅԻ 58:1-14

ԵՍԱՅԻ 58:1-14 ՆՎԱԱ

Կոկորդալիր գոչի՛ր, մի՛ խնայիր, շեփորի պես բարձրացրո՛ւ ձայնդ, հայտարարի՛ր իմ ժողովրդին իր հանցանքը և Հակոբի տանը՝ իր մեղքերը։ Բայց նրանք ամեն օր փնտրում են ինձ և ուզում են գիտենալ իմ ճանապարհները՝ մի ազգի պես, որ արդարություն է գործում և իր Աստծու պատվիրանները չի լքել։ Նրանք ինձնից պահանջում են արդար իրավունք և փափագում են մոտենալ Աստծուն. «Ինչո՞ւ մենք ծոմ ենք պահել, և դու չես տեսել, ինչո՞ւ ենք խոնարհեցրել մեր անձերը, և դու չես իմանում»։ Ահա դուք ձեր ծոմապահության օրը ձեր ցանկություններն եք կատարում և ձեր բոլոր աշխատավորներին կեղեքում եք։ Ահա դուք կռվի և հակառակության համար եք ծոմ պահում, անզգամորեն բռնցքահարելու համար. այս օրվա նման ծոմ պահելով, որ ձեր ձայնը լսելի չլինի վերևում։ Այսպե՞ս կլինի այն ծոմապահությունը, որը ես նախընտրել եմ, իբրև մի օր, երբ մարդ իր անձը խոնարհեցնում է։ Գլուխը ծռել կնյունի պես, քուրձն ու մոխիրը փռել իր տակ. դու սա՞ ես ծոմապահություն կոչում և Տիրոջը ընդունելի օր։ Սա չէ այն ծոմը, որ ես ընտրել եմ. լուծի՛ր ամբարշտության կապանքները, արձակի՛ր լծի կապերը. կեղեքվածներին ազատի՛ր և կոտրի՛ր ամեն տեսակ լուծ։ Հացդ բաշխի՛ր քաղցածին, թափառական թշվառներին տո՛ւն բեր. եթե մերկ մարդ տեսնես, հագցրո՛ւ նրան և քո նմանից քեզ մի՛ ծածկիր։ Այն ժամանակ քո լույսը պիտի ծագի արշալույսի պես, քո ապաքինումը պիտի ծլարձակի շուտով, քո արդարությունը պիտի գնա քո առջևից, և Տիրոջ փառքը քեզ պիտի պահպանի թիկունքից։ Այն ժամանակ դու կկանչես, և Տերը կպատասխանի, դու կաղաղակես, և նա կասի. «Ահա ես»։ Եթե դու քո միջից հեռացնես լուծը, դեն գցես մատնացույց անելն ու չարախոսությունները, կերակրես քաղցածին և բավարարես կարոտյալի կարիքները, այն ժամանակ քո լույսը կծագի խավարի մեջ, և քո մթությունը կլինի կեսօրվա պես։ Տերը քեզ մշտապես կառաջնորդի, կկշտացնի քո անձը երաշտ վայրերում, կզորացնի քո ոսկորները, և դու կլինես ջրարբի պարտեզի նման, ջրի ակի նման, որից ջուրը չի պակասի։ Քո ազգակիցները պիտի վերաշինեն հնամենի ավերակները, և դու պիտի վերականգնես շատ սերունդների հիմքերը։ Քեզ պիտի կոչեն պարսպաճեղքերը վերականգնող և բնակելի փողոցները վերանորոգող։ «Եթե շաբաթ օրը՝ իմ սուրբ օրը, քո ոտքը հետ պահես քո ցանկությունը կատարելուց, եթե շաբաթը կոչես հաճելի և Տիրոջը նվիրված պատվական օր ու մեծարես այն՝ չհետևելով քո ճանապարհներին, չբավարարելով քո ցանկությունը և դատարկաբանություն չանելով, այն ժամանակ կհրճվես Տիրոջով, և ես քեզ կհանեմ երկրի բարձր տեղերը ու քեզ կուտեցնեմ քո հայր Հակոբի ժառանգությունը, քանզի Տիրոջ բերանը խոսեց այս»։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում