ԵՍԱՅԻ 57:1-12

ԵՍԱՅԻ 57:1-12 ՆՎԱԱ

«Արդարը կորչում է, և ոչ ոք իր սրտում չի մտորում. բարի մարդիկ վերացվում են առանց մեկի իմանալու, թե արդարը վերացվեց գալիք չարիքի պատճառով։ Նա մտնում է խաղաղության մեջ։ Նրանք, ովքեր ուղիղ ճանապարհով են ընթանում, հանգստություն պիտի գտնեն իրենց մահճում։ Բայց դուք մոտեցե՛ք այստեղ, ո՛վ վհուկի որդիներ, ո՛վ շնացողի և պոռնկի սերունդ։ Ո՞ւմ եք ծաղրում, ո՞ւմ վրա եք բացում ձեր լայն բերանը և երկարացնում ձեր լեզուն. մի՞թե դուք հանցանքի զավակներ չեք, ստության սերունդ, դուք, որ ցանկությամբ գրգռվում եք բևեկնիների մեջ՝ ամեն կանաչազարդ ծառի տակ, որ մորթում եք մանուկներին ձորերում, ժայռերի խոռոչների մեջ։ Հովտի ողորկ կուռքերն են քո բաժինը. դրանք են, դրանք՝ քո վիճակը. դրանց համար գինի թափեցիր իբրև նվիրաբերում, դրանց ընծա մատուցեցիր. մի՞թե ես կամոքվեմ։ Բարձր ու վեհ լեռան վրա դրեցիր քո անկողինը և այնտեղ բարձրացար զոհ մատուցելու։ Դռների և դրանդիների հետևում դրեցիր քո հեթանոսական հուշակոթողը. ինձ լքեցիր՝ բացելով քո անկողինը, ինձնից հեռու բարձրացար այնտեղ, լայնացրիր քո անկողինը և դաշինք կապեցիր նրանց հետ, որոնց անկողինը սիրեցիր, որոնց ձեռքը տեսար։ Դու թագավորի մոտ գնացիր թանկարժեք յուղով, շատացրիր քո անուշահոտությունները, պատգամավորներիդ ուղարկեցիր մինչև հեռավոր վայրեր և իջար մինչև մեռելների աշխարհը։ Քո ճանապարհի երկարությունից հոգնեցիր, երբևէ չասացիր. “Անհույս է”։ Ուժդ վերանորոգեցիր, դրա համար էլ չթուլացար։ Ումի՞ց էիր զարհուրում ու վախենում, որ ստեցիր, չհիշեցիր ինձ և սրտումդ չդրեցիր. չէ՞ որ ես վաղուց լռել եմ, ուստի դու ինձնից չես վախենում։ Ես կհայտարարեմ քո արդարությունն ու արարքները. դրանք քեզ օգուտ չեն ունենալու։

ԵՍԱՅԻ 57:1-12 հետ կապված անվճար Ընթերցանության ծրագրեր և Շինության խոսքեր