ԵՍԱՅԻ 56:1-8

ԵՍԱՅԻ 56:1-8 ՆՎԱԱ

Այսպես է ասում Տերը. «Պահե՛ք իրավունքը և արդարությո՛ւն արեք, որովհետև շուտով գալու է իմ փրկությունը, և իմ արդարությունը հայտնվելու է։ Երանի՜ այն մարդուն, որ կանի այս, և այն մարդու որդուն, որ կառչում է դրան, կպահի շաբաթն ու չի պղծի և իր ձեռքը հետ կպահի որևէ չարագործությունից»։ Տիրոջը հարող օտարականի որդին թող այսպես չասի. «Տերն ինձ կտարանջատի իր ժողովրդից», և ներքինին թող չասի. «Ահա ես մի չորացած ծառ եմ», որովհետև Տերն այսպես է ասում. «Ներքինիներին, որոնք պահում են իմ շաբաթները, ընտրում այն, ինչը հաճելի է ինձ, և կառչած են մնում իմ ուխտին, ես նրանց ձեռք և անուն պիտի տամ իմ տանն ու իմ պարսպի ներսում, և դա ավելի լավ կլինի, քան որդիներ և դուստրեր։ Ես նրանց հավիտենական անուն կտամ, որ չի ջնջվի։ Իսկ այն օտարականների որդիները, որոնք հարել են Տիրոջը՝ նրան ծառայելու, Տիրոջ անունը սիրելու և նրա ծառաները լինելու համար, բոլոր նրանք,- ասում է Տերը,- որ կպահեն իմ շաբաթը և այն չեն պղծի ու կառչած կմնան իմ ուխտին, նրանց իմ սուրբ լեռը կբերեմ և կուրախացնեմ նրանց իմ աղոթքի տան մեջ. նրանց ողջակեզներն ու զոհերն ընդունելի կլինեն իմ սեղանի վրա, որովհետև իմ տունը աղոթքի տուն պիտի կոչվի բոլոր ժողովուրդների համար»։ Այսպես է ասում Տեր Աստված, որ հավաքում է Իսրայելի աքսորյալներին. «Բացի արդեն հավաքվածներից, դեռ ուրիշներին էլ պիտի հավաքեմ նրանց վրա»։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում