«Ձեր ականջը խոնարհեցրե՛ք և եկե՛ք ինձ մոտ, լսե՛ք ինձ, և ձեր անձը կապրի։ Ձեզ հետ հավիտենական ուխտ կկնքեմ՝ Դավթին խոստացված իմ հավատարիմ ողորմությունը։ Ահա ես նրան վկա եմ կարգել ժողովուրդներին՝ որպես ժողովուրդների առաջնորդ և հրամանատար։ Ահա դու պիտի կանչես մի ազգի, որին չես ճանաչում, և ազգեր, որ քեզ չեն ճանաչում, շտապելու են քեզ մոտ քո Աստծու՝ Տիրոջ պատճառով, Իսրայելի Սրբի պատճառով, որը փառավորել է քեզ»։
Փնտրե՛ք Տիրոջը, քանի որ նա գտնվում է, կանչե՛ք նրան, մինչ նա մոտ է։ Թող ամբարիշտը թողնի իր ճանապարհը, իսկ անօրեն մարդը՝ իր խորհուրդները ու վերադառնա Տիրոջը, և նա կգթա նրան. մեր Աստծուն, որովհետև նա առատապես կների։ «Արդարև, իմ խորհուրդները ձեր խորհուրդները չեն, և ձեր ճանապարհներն իմ ճանապարհները չեն,- ասում է Տերը։- Այլ ինչպես երկինքն է բարձր երկրից, այնպես էլ իմ ճանապարհները բարձր են ձեր ճանապարհներից, և իմ խորհուրդները՝ ձեր խորհուրդներից։ Քանզի ինչպես որ անձրևն ու ձյունը իջնում են երկնքից և հետ չեն դառնում այնտեղ, այլ ոռոգում են երկիրը, արգասաբեր և ծլարձակ դարձնում այն, սերմ են տալիս սերմնացանին և հաց՝ ուտողին, այնպես էլ կլինի իմ բերանից դուրս եկած խոսքը. նա ապարդյուն չի վերադառնա ինձ մոտ, այլ կկատարի իմ փափագը և հաջողություն կունենա այն բանում, ինչի համար ես ուղարկել եմ նրան»։