ԵՍԱՅԻ 53:3-11

ԵՍԱՅԻ 53:3-11 ՆՎԱԱ

Անարգված և մարդկանցից մերժված՝ նա վշտերի մարդ էր ու ցավերի ծանոթ, որպես մեկը, որից երես են դարձնում մարդիկ։ Նա անարգված էր, և մենք նրա հանդեպ համարում չունեինք։ Հիրավի, նա մեր ցավերը վերցրեց, մեր վշտերը կրեց։ Մենք նրան համարում էինք պատուհասված, Աստծուց հարվածված և տանջված։ Բայց նա մեր հանցանքների համար վիրավորվեց և մեր անօրենությունների համար հարվածվեց. պատիժը, որ մեզ բարօրություն բերեց, նրա վրա ընկավ, և նրա վերքերով մենք բժշկվեցինք։ Մենք բոլորս մոլորվեցինք ոչխարների պես, յուրաքանչյուրն իր ճանապարհով գնաց, բայց Տերը նրա վրա դրեց մեր բոլորի անօրենությունը։ Նա ճնշվեց ու չարչարվեց, բայց չբացեց իր բերանը, ինչպես մի գառ, որ մորթվելու է տարվում, և մի մունջ ոչխարի պես, որ կանգնում է իրեն խուզողների առաջ, այնպես էլ նա չբացեց իր բերանը։ Բռնադատությամբ և դատապարտությամբ նա հափշտակվեց, և նրա ազգատոհմը ո՞վ կարող է քննել, քանզի նա կտրվեց կենդանիների երկրից. իմ ժողովրդի հանցանքների համար նա հարվածվեց։ Նրա գերեզմանն ամբարիշտների հետ դրվեց, բայց մահվան մեջ՝ հարուստի հետ, թեև նա բռնություն չէր արել, և նրա բերանում խաբեություն չկար։ Բայց Տիրոջ կամքն էր նրան ճզմել, տառապանք պատճառել. երբ նա իր անձը մեղքի ընծա դարձնի, սերունդ կունենա, կերկարացնի իր օրերը, և Տիրոջ կամքը նրա ձեռքով կհաջողվի։ «Նա իր անձի տառապանքը կտեսնի և կկշտանա, իմ արդար ծառան իր գիտությամբ կարդարացնի շատերին, և նրանց անօրենություններն ինքը կկրի։

ԵՍԱՅԻ 53:3-11 հետ կապված անվճար Ընթերցանության ծրագրեր և Շինության խոսքեր