ԵՍԱՅԻ 52:1-10

ԵՍԱՅԻ 52:1-10 ՆՎԱԱ

Զարթնի՛ր, զարթնի՛ր, հագի՛ր քո զորությունը, ո՛վ Սիոն, հագի՛ր քո շքեղ հանդերձները, ո՛վ Երուսաղեմ՝ սո՛ւրբ քաղաք, որովհետև այլևս քո մեջ չեն մտնելու անթլփատն ու անմաքուրը։ Թա՛փ տուր քեզ փոշուց, վե՛ր կաց, նստի՛ր, ո՛վ գերի Երուսաղեմ, քանդի՛ր քո պարանոցի կապերը, ո՛վ Սիոնի գերի դուստր, քանզի այսպես է ասում Տերը. «Դուք ձրի վաճառվեցիք և առանց փողի կփրկվեք»։ Դրա համար այսպես է ասում Տեր Աստված. «Առաջ իմ ժողովուրդն իջավ Եգիպտոս՝ այնտեղ պանդխտանալու, ապա ասորեստանցին առանց պատճառի ճնշեց նրան։ Եվ հիմա ի՞նչ ունեմ այստեղ անելու,- ասում է Տերը,- որովհետև զուր տեղը քշվեց իմ ժողովուրդը, նրա վրա իշխողները ողբում են,- ասում է Տերը,- և միշտ, ամեն օր հայհոյվում է իմ անունը։ Ուստի իմ ժողովուրդը պիտի գիտենա իմ անունը, ուստի այդ օրը նրանք կիմանան, որ ես նա եմ որ ասում է. “Ահա ես եմ”»։ Ի՜նչ գեղեցիկ են լեռների վրա ավետաբերի ոտքերը, որ խաղաղություն է հռչակում, բարիք ավետում, փրկություն քարոզում, որ ասում է Սիոնին. «Քո Աստվածը թագավորում է»։ Ահա քո պահապանները բարձրացնում են իրենց ձայնը, նրանք միասին բարձրաձայն ցնծում են, որովհետև իրենց աչքերով պիտի տեսնեն Տիրոջը, երբ նա վերադառնա Սիոն։ Ցնծությամբ պոռթկացե՛ք միասին, ո՛վ Երուսաղեմի փլատակներ, որովհետև Տերը մխիթարեց իր ժողովրդին, փրկեց Երուսաղեմը։ Տերը մերկացրել է իր սուրբ բազուկը բոլոր ազգերի աչքի առաջ, և երկրի բոլոր ծայրերում կտեսնեն մեր Աստծու փրկությունը։