ԵՍԱՅԻ 51:1-11

ԵՍԱՅԻ 51:1-11 ՆՎԱԱ

«Լսե՛ք ինձ, ո՛վ արդարության հետևողներ, ո՛վ Տիրոջը փնտրողներ, նայե՛ք այն վեմին, որից դուք կոփվել եք, և այն գուբի փոսին, որից դուք հանվել եք։ Նայե՛ք Աբրահամին՝ ձեր հորը, Սառային, որը ձեզ ծնեց, որովհետև երբ դեռ մեկ հատ էր, ես նրան կանչեցի և օրհնեցի ու բազմացրի։ Որովհետև Տերը մխիթարեց Սիոնին, մխիթարեց նրա բոլոր ավերակներին, նրա անապատը դրախտի նման դարձրեց և նրա ամայի վայրը՝ Տիրոջ պարտեզի։ Ցնծություն և բերկրություն են տեղ գտնելու նրա մեջ, գոհաբանություն և օրհներգության ձայն։ Լսի՛ր ինձ, ո՛վ իմ ժողովուրդ, ակա՛նջ դիր ինձ, ո՛վ իմ ազգ, որովհետև օրենքն ինձնից է դուրս գալու, և ես իմ իրավունքն իբրև լույս պիտի հաստատեմ ժողովուրդների համար։ Մոտ է իմ արդարությունը, գալիս է իմ փրկությունը, և իմ բազուկները դատում են ժողովուրդներին։ Ծովեզրերը սպասում են ինձ և ապավինում իմ բազկին։ Բարձրացրե՛ք ձեր աչքերը դեպի երկինք և նայե՛ք դեպի ցած՝ երկրին. որովհետև երկինքը պիտի փարատվի ծխի նման, երկիրը պիտի մաշվի ձորձի պես, և նրա բնակիչները մոծակների պես պիտի մեռնեն։ Բայց իմ փրկությունը հավիտյան կմնա, և իմ արդարությունը երբևէ չի պակասի։ Լսե՛ք ինձ, ո՛վ արդարություն ճանաչողներ, և դու, ո՛վ ժողովուրդ, որ իմ օրենքն ունես քո սրտում. մի՛ վախեցեք մարդկանց նախատինքից և մի՛ զարհուրեք նրանց անարգանքներից, որովհետև ցեցն ուտելու է նրանց հանդերձի նման, և ցեցը կրծելու է նրանց բրդի պես. բայց իմ արդարությունը կմնա հավիտյան, և իմ փրկությունը՝ սերնդեսերունդ»։ Զարթնի՛ր, զարթնի՛ր, զորությո՛ւն հագիր, ո՛վ Տիրոջ բազուկ, զարթնի՛ր ինչպես նախկին օրերին, ինչպես հին սերունդների օրոք. մի՞թե դու նա չես, որ Ռահաբին ջարդուփշուր արեցիր, խոցեցիր վիշապին։ Մի՞թե դու նա չես, որ ցամաքեցրիր ծովը, մեծ անդունդի ջրերը, ծովի խորքերում ճանապարհ բացեցիր փրկվածների անցնելու համար։ Տիրոջ կողմից փրկագնվածները կվերադառնան, ցնծալի երգերով կգան Սիոն, և հավիտենական ուրախություն կլինի նրանց գլխի վրա. նրանք ցնծություն և ուրախություն կստանան, և տրտմությունն ու հեծությունը կփախչեն։