Սակայն այսպես է ասում Տերը՝ քո արարիչը, ո՛վ Հակոբ, և քեզ ձևավորողը, ո՛վ Իսրայել. «Մի՛ վախեցիր, որովհետև ես քեզ փրկել եմ, կանչել եմ քեզ քո անունով. դու իմն ես։ Երբ ջրերի միջով անցնես, ես քեզ հետ կլինեմ, երբ անցնես գետերով, դրանք քեզ չեն ողողի, երբ քայլես կրակի միջով, չես այրվի, և բոցը քեզ չի լափի, որովհետև ես՝ Տերը, քո Աստվածը, Իսրայելի Սուրբը, քո Փրկիչը. ես Եգիպտոսը տվել եմ քեզ համար որպես փրկագին, Եթովպիան և Սաբան տվել եմ քո փոխարեն, որովհետև դու թանկագին ես իմ աչքին. պատիվ գտար, և ես սիրեցի քեզ։ Մարդիկ կտամ քո փոխարեն և ժողովուրդներ՝ քո հոգու փոխարեն։ Մի՛ վախեցիր, որովհետև ես քեզ հետ եմ. արևելքից եմ բերելու քո սերունդը և արևմուտքից եմ հավաքելու քեզ։ Հյուսիսին կասեմ՝ “Հանձնի՛ր”, և հարավին. “Մի՛ արգելափակիր, բե՛ր իմ որդիներին հեռվից և իմ դուստրերին՝ երկրի ծայրերից, բոլոր նրանց, որոնք կոչվում են իմ անունով, և որոնց ես ստեղծել եմ իմ փառքի համար, ձևավորել և արարել եմ նրանց”»։
«Դո՛ւրս բերեք կույր ժողովրդին, որ աչքեր ունի, և ականջներ ունեցողներին, որոնք խուլ են։ Թող բոլոր ազգերը հավաքվեն միասին, թող ժողովվեն ժողովուրդները։ Ո՞վ կա նրանց մեջ, որ իմացնի այս բանը և մեզ պատմի վաղեմի բաների մասին. թող բերեն իրենց վկաներին, որ արդարանան, և թող լսեն ու ասեն՝ ճշմարիտ է։ Իմ վկաները դուք եք,- ասում է Տերը,- և իմ ծառան, որին ես ընտրել եմ, որպեսզի գիտենաք, հավատաք ինձ և հասկանաք, որ ե՛ս եմ նա։ Ինձնից առաջ աստված չի կազմվել և ինձնից հետո չի լինելու։ Ես, ե՛ս եմ Տերը, և ինձնից բացի ուրիշ Փրկիչ չկա։ Ե՛ս իմացրի, ե՛ս փրկեցի և պատմեցի, ու ձեր մեջ մի օտար աստված չկար։ Իմ վկաները դուք եք,- ասում է Տերը,- որ ես եմ Աստված։ Նաև վաղուց ես եմ նա. չկա մեկը, որ ազատում է իմ ձեռքից. ես որ գործեմ, ո՞վ կարող է այն խափանել»։