ԵՍԱՅԻ 41:1-20

ԵՍԱՅԻ 41:1-20 ՆՎԱԱ

Ո՛վ ծովեզրյա երկրներ, լռե՛ք իմ առջև, և թող ժողովուրդները նորոգեն իրենց ուժը. նրանք թող մոտ գան և խոսեն։ Մոտենանք միասին դատաստանի համար։ Արդարին ո՞վ արթնացրեց արևելքից և նրան կանչեց իրեն ծառայելու։ Նա իրեն է հանձնում ազգերին, տիրակալ կարգում թագավորների վրա։ Իր թրով նրանց վերածում է փոշու, և քշված մղեղի պես՝ նրա աղեղը։ Նա հալածում է նրանց, անվտանգ անցնում է մի ճանապարհով, որով նրա ոտքերը չէին անցել։ Ո՞վ արեց և կատարեց այս ամենը. նա, ով հենց սկզբից կանչեց ազգատոհմերին. ես՝ Տերը, որ առաջինն եմ և կլինեմ նաև վերջինների հետ։ Ծովեզրերը տեսան և վախեցան, երկրի ծայրերը դողացին, նրանք իրար մոտեցան ու եկան։ Նրանցից ամեն մեկն օգնեց իր ընկերոջը և ասաց իր եղբորը՝ զորացի՛ր։ Քանդակողը քաջալերեց ոսկերչին, մուրճով հարթեցնողը՝ սալին խփողին՝ զոդվածքի մասին ասելով. «Լավ է», և այն ամրացնում է մեխերով, որ չշարժվի։ Եվ դու՝ Իսրայե՛լ, ի՛մ ծառա, ո՛վ Հակոբ, որին ընտրել եմ, ո՛վ իմ սիրելիի՝ Աբրահամի սերունդ. քեզ, ում առա երկրի ծայրերից, նրա հեռավորագույն անկյուններից, քեզ կանչեցի և ասացի. «Դու իմ ծառան ես, ես քեզ ընտրել եմ և չեմ մերժել քեզ»։ Մի՛ վախեցիր, որովհետև ես քեզ հետ եմ, մի՛ զարհուրիր, որովհետև ես քո Աստվածն եմ։ Ես քեզ կզորացնեմ և կօգնեմ քեզ, նաև քեզ նեցուկ կլինեմ իմ արդար աջով։ Ահա քո դեմ բոլոր բորբոքվողները կամաչեն և ամոթահար կլինեն, քո դեմ պայքարող մարդիկ ոչնչի պես կլինեն ու կկորչեն։ Դու կփնտրես, բայց չես գտնի քո դեմ կռվող այդ մարդկանց. քեզ հետ պատերազմող մարդիկ ոչնչի կվերածվեն և ի չիք կդառնան, որովհետև ես՝ Տերը՝ քո Աստվածը, բռնում եմ քո աջ ձեռքը. ե՛ս եմ ասում քեզ. «Մի՛ վախեցիր, ես կօգնեմ քեզ»։ «Մի՛ վախեցիր, ո՛վ ճճի Հակոբ, դուք, ո՛վ Իսրայելի տղամարդիկ, ես ձեզ կօգնեմ,- ասում է Տերը, քեզ փրկողը՝ Իսրայելի Սուրբը։ Ահա ես քեզ կամնասայլ եմ դարձրել՝ նոր, սուր և ատամնավոր. լեռները ոտնահար կանես և կփշրես, բլուրները մղեղի կվերածես։ Դու դրանք պիտի կամնես, քամին կքշի կտանի դրանք, և փոթորիկը ցիրուցան կանի. բայց դու պիտի ցնծաս Տիրոջով և պարծենաս Իսրայելի Սրբով։ Թշվառներն ու կարիքավորները ջուր են փնտրում, բայց ջուր չկա, նրանց լեզուն ցամաքել է ծարավից. ես՝ Տերը, պատասխան եմ տալու նրանց, ես՝ Իսրայելի Աստվածս, նրանց չեմ լքի։ Բլուրների մերկ գագաթներին գետեր պիտի բխեցնեմ և հովիտներում՝ աղբյուրներ. անապատը ջրավազանի պիտի վերածեմ և չոր երկիրը՝ ջրի աղբյուրների։ Անապատում մայրի կդնեմ, սատիմ, մրտենի յուղաբեր ծառ և անջրդի վայրում եղևնի, սոսի ու տոսախ կտնկեմ միասին, որպեսզի տեսնեն և իմանան, գիտենան ու միասին հասկանան, որ Տիրոջ ձեռքն արեց այս բաները, և Իսրայելի Սուրբը կատարեց դրանք»։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում