ԵՍԱՅԻ 40:20-31

ԵՍԱՅԻ 40:20-31 ՆՎԱԱ

Աղքատը, որ չի կարողանում նման նվեր տալ, կընտրի չփտող փայտ և իր համար մի վարպետ արհեստավոր կփնտրի, որ իր համար աներեր մի կուռք պատրաստի»։ Մի՞թե չգիտեք, մի՞թե չլսեցիք, մի՞թե ձեզ չհայտարարվեց հենց սկզբից, մի՞թե բան չեք հասկացել երկրի հիմնադրությունից։ Նա է, որ բազմած է երկրի կամարից վերև, և դրա բնակիչները նման են մորեխների. նա է, որ տարածում է երկինքը վարագույրի պես և այն բացել է վրանի նման՝ այնտեղ բնակվելու համար։ Նա է, որ իշխաններին ոչնչի է վերածում և երկրի իշխանավորներին՝ ոչնչի։ Նրանք հազիվ տնկված, հազիվ ցանված, նրանց բունը հողի մեջ հազիվ արմատավորված. երբ նա փչում է նրանց վրա, նրանք չորանում են, ու փոթորիկը նրանց քշում է մղեղի նման։ «Ուրեմն ո՞ւմ եք ինձ նմանեցնում, որ ես նման լինեմ նրան»,- ասում է Սուրբը։ Վե՛ր բարձրացրեք ձեր աչքերը և նայե՛ք. ո՞վ է ստեղծել սրանք. նա է սրանց զորքերը թվով դուրս հանողը, սրանց բոլորին էլ իրենց անունով է կոչում նա իր զորության մեծությամբ և իր կարողությամբ. սրանցից ոչ մեկը չի կորչի։ Ինչո՞ւ ես ասում, ո՛վ Հակոբ, և խոսում, ո՛վ Իսրայել, թե՝ «Իմ ճանապարհը ծածկված է Տիրոջից, և իմ իրավունքը զանց է առնված Աստծուց»։ Մի՞թե չգիտես կամ չե՞ս լսել, որ հավիտենական Աստված է Տերը, Արարիչը երկրի ծայրագույն սահմանների։ Նա չի հոգնել և չի թուլացել, նրա հանճարն անքննելի է։ Նա է հոգնածին ուժ տվողը, նա ավելացնում է կարողություն չունեցողի զորությունը։ Երիտասարդները կհոգնեն ու կնվաղեն, ընտիր պատանիներն ուժասպառ կլինեն, բայց Տիրոջն ապավինողները կնորոգվեն ուժով, արծիվների պես թևերով վեր կսլանան, կվազեն և չեն հոգնի, կգնան և չեն նվաղի։