ԵՍԱՅԻ 28:1-13

ԵՍԱՅԻ 28:1-13 ՆՎԱԱ

Ավա՜ղ Եփրեմի հարբեցողների հպարտության պսակին և նրա գեղազարդ շքեղության թառամող ծաղկին, որը գինեմոլների փարթամ հովտի գագաթին է։ Ահա Տերն ունի ուժեղ և զորավոր մեկին. կարկուտի փոթորկի նման, մի կործանարար մրրիկ, որ հորդառատ ջրերի հեղեղի պես ուժգնորեն իր ձեռքով թափելու է երկրի վրա։ Ոտնակոխ է արվելու Եփրեմի հարբեցողների հպարտ պսակը։ Եվ նրա գեղազարդ շքեղության թառամող ծաղիկը, որը փարթամ հովտի գագաթին է, կլինի հնձից առաջ վաղահաս թզի պես, որը երբ մեկը տեսնում է, հազիվ ձեռքն առած՝ իսկույն կուլ է տալիս։ Այն օրը Զորությունների Տերն իր ժողովրդի մնացորդի համար պիտի լինի գեղազարդ թագ և շքեղ պսակ, իրավունքի հոգի նրա համար, ով դատելու է նստում, և ուժ նրանց համար, որոնք պատերազմը հետ են մղում քաղաքի դարպասից։ Սրանք էլ տատանվում են գինիով, սրանք էլ խոտորվում են օղիով. քահանան և մարգարեն մոլորված են օղիով, կուլ են գնացել գինուն, խոտորվել են օղիով։ Սրանք մոլորվում են տեսիլքների մեջ, սայթաքում են վճիռ արձակելիս, որովհետև բոլոր սեղանները լի են փսխունքով, այլևս կեղտից զերծ տեղ չի մնացել։ «Ո՞ւմ է նա գիտություն սովորեցնում և ո՞ւմ պատգամ հասկացնում՝ կաթից կտրվածների՞ն, կրծքից վերցվածների՞ն, որ հրաման հրամանի վրա, հրաման հրամանի վրա, լար լարի վրա, լար լարի վրա. մի քիչ այստեղ, մի քիչ այնտեղ»։ Հիրավի, Տերը թոթովախոս շուրթերով և օտար լեզվով խոսող մարդկանց միջոցով պիտի խոսի այս ժողովրդի հետ, որին ասաց. «Սա է հանգստությունը. դրանով հանգստացրե՛ք ձեր խոնջացածին, սա է ձեր հանգչելու տեղը»։ Բայց նրանք չուզեցին լսել։ Ուստի նրանց լինելու է Տիրոջ խոսքը. «Հրաման հրամանի վրա, հրաման հրամանի վրա, լար լարի վրա, լար լարի վրա. մի քիչ այստեղ, մի քիչ այնտեղ», որպեսզի գնան և մեջքի վրա ընկնեն ու ջարդվեն, որոգայթի մեջ ընկնեն ու բռնվեն։