ԵՍԱՅԻ 22
22
Պատգամ Երուսաղեմի մասին
1Տեսիլքի ձորի պատգամը։
Հիմա ի՞նչ եղավ, որ ամենքդ բարձրացել եք կտուրները։ 2Ո՛վ խռովությամբ լցված աղմկալից քաղաք, զվարճասեր քաղաք, քո մեռելները սրից սպանված չեն և ոչ էլ պատերազմում մեռածներ։ 3Քո բոլոր իշխանավորները միասին փախան, առանց աղեղի կալանավորվեցին, բոլոր քեզ մոտ գտնվողները և նրանք, որ հեռու էին փախել, միասին կալանքի մեջ են։ 4Դրա համար ասացի. «Աչքերդ դարձրե՛ք ինձանից, դառնորեն լաց եմ լինելու իմ ժողովրդի դստեր կործանման համար. մի՛ աշխատեք մխիթարել ինձ»։ 5Որովհետև տեսիլքի ձորում Զորությունների Տեր Աստծու կողմից ուղարկված խռովության, ոտնահարության և շփոթության օր է։ Քանդում են պարիսպները, և աղաղակը հասնում է սարը#22.5 Կամ Կիրը գոռում էր Շոան սարի վրա (հավանաբար երկու մասնակից ցեղախմբեր)։։ 6Էլամը կապարճ է կրում, մարտակառքերի վրա՝ մարդիկ, ձիավորներ. Կիրը մերկացնում է վահանը։ 7Քո ընտիր հովիտները լցվեցին մարտակառքերով, և ձիավորները շարվեցին քո դարպասների առաջ։ 8Հուդայի երկրի ծածկոցը վերցրեց, և այն օրը դուք նայեցիք անտառի տան զենքերին 9ու տեսաք Դավթի քաղաքի պատի բազմաթիվ ճեղքերը, ջուր ամբարեցիք ստորին ավազանում։ 10Երուսաղեմի տները հաշվեցիք և պարիսպն ամրացնելու համար տները քանդեցիք։ 11Հին ավազանի ջրերի համար մի ջրավազան սարքեցիք երկու պարիսպների մեջտեղում։ Բայց դուք չնայեցիք այս բանն անողին և չտեսաք այս բանը վաղուց ձևավորողին։ 12Այն օրը Զորությունների Տեր Աստվածը ձեզ կանչեց լացելու և ողբալու, ձեր մազերը խուզելու և քուրձով գոտևորվելու։ 13Բայց ահա ցնծությո՜ւն և ուրախությո՜ւն. արջառնե՜ր են սպանում, ոչխարներ մորթում, միս ուտում և գինի խմում. «Ուտենք ու խմենք, որովհետև վաղը մեռնելու ենք»։ 14Բայց Զորությունների Տերը հայտնել է իմ ականջին. «Անշուշտ ձեր այս անօրենությունը չպիտի քավվի, մինչև որ մեռնեք»,- ասում է Զորությունների Տեր Աստվածը։
Ազդարարություն Սեբնային
15Այսպես է ասում Զորությունների Տեր Աստվածը. «Գնա մտի՛ր այդ պալատի վերակացուի՝ Սեբնայի մոտ. 16“Ի՞նչ ունես այստեղ և ո՞վ ունես այստեղ, որ քեզ համար այստեղ գերեզման ես փորել, բարձունքի վրա քեզ համար գերեզմա՜ն ես փորում, ժայռի մեջ քեզ համար բնակարա՜ն ես շինում”։ 17Ահա Տերը շպրտելով շպրտելու է քեզ, ո՜վ ուժեղ մարդ, փաթաթելով փաթաթելու է քեզ, 18կծիկի պես կծկելու է և գնդակի պես շպրտելու է լայնարձակ երկրի վրա. դու այնտե՛ղ պիտի մեռնես, այնտե՛ղ պիտի լինեն քո փառահեղ մարտակառքերը, ո՛վ դու՝ տիրոջդ տան անարգանքը։ 19Ես քեզ կվտարեմ քո պաշտոնից, քո դիրքից կտապալեմ քեզ։ 20Եվ այն օրը ես պիտի կանչեմ իմ ծառային՝ Քեղկիայի որդի Եղիակիմին։ 21Ես նրան կհագցնեմ քո պատմուճանը, նրա վրա կկապեմ քո գոտին, քո իշխանությունը կտամ նրա ձեռքը, և նա հայր կլինի Երուսաղեմի բնակիչների և Հուդայի երկրի տան համար։ 22Ես Դավթի տան բանալին կդնեմ նրա ուսին. երբ նա բացի, ոչ ոք այն չի փակի, և երբ նա փակի, ոչ ոք չի բացի այն։ 23Ես նրան բևեռի պես կամրացնեմ հաստատուն մի տեղում, և նա փառքի գահի պես կլինի իր հոր տան համար։ 24Իր հոր տան ամբողջ կշիռը նրանից կկախվի, երանքից ծնվածներն ու հետնորդները, բոլոր փոքր անոթները՝ թասերից սկսած մինչև ամեն տեսակ սափորները։ 25Այն օրը,- ասում է Զորությունների Տերը,- պիտի շարժվի այդ հաստատուն տեղում ամրացված բևեռը, պիտի պոկվի ու վայր ընկնի, և այն բեռը, որ նրա վրա էր, պիտի խորտակվի», քանզի Տերը խոսեց։
Արդեն Ընտրված.
ԵՍԱՅԻ 22: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018