ԵՍԱՅԻ 13
13
Աստված պիտի պատժի Բաբելոնին
1Բաբելոնի մասին պատգամը, որը հայտնվեց Ամոզի որդի Եսայուն։
2«Դրո՛շ կանգնեցրեք լերկ բլուրի վրա, բարձրաձայն կանչե՛ք նրանց, ձեռքով նշա՛ն արեք, որպեսզի ազնվականների դռներից մտնեն։ 3Ես եմ հրամայել իմ սուրբ նվիրյալներին, կանչել եմ նաև իմ ուժեղ մարդկանց, իմ վեհափառության համար ցնծացողներին՝ իմ բարկությունը գործադրելու համար»։ 4Լսե՛ք. աղմուկ կա լեռների վրա, մեծ բազմության նման. լսե՛ք ժխոր ազգերի, թագավորությունների հավաքի ձայնը։ Զորությունների Տերը պատերազմի ելած զորքի զորահանդես է անում, 5որ եկել է հեռավոր մի երկրից՝ երկնքի ծայրից։ Տերը և նրա ցասման գործիքներն ավերելու են ամբողջ երկիրը։
6Ողբացե՛ք, որովհետև մոտ է Տիրոջ օրը, որն իբրև ավերում գալու է Ամենակարողից։ 7Դրա համար կթուլանան բոլոր ձեռքերը, և կհալվի ամեն մարդու սիրտը։ 8Նրանք կսոսկան անձկություններով ու տանջանքներով կհամակվեն, ծննդաբերող կնոջ նման երկունքի ցավ կքաշեն, ամեն մարդ ապշած կմնա՝ նայելով իր ընկերոջը. նրանց դեմքերը բոցագույն կլինեն։
9Ահա գալիս է Տիրոջ օրը՝ անգթության, վրդովմունքի և բորբոք բարկության օրը, որ երկիրն ամայացնելու է և նրա մեղավորներին բնաջնջելու է նրա երեսից, 10որովհետև երկնքի աստղերն ու նրանց աստղաբույլերն իրենց լույսը չեն տալու, արեգակը ծագելիս խավարելու է, և լուսինն իր լույսը չի ճառագայթի։ 11«Ես կպատժեմ աշխարհին իր չարության համար և ամբարիշտներին իրենց անօրենության համար. կդադարեցնեմ հպարտների ամբարտավանությունը և կխոնարհեցնեմ բռնավորների գոռոզությունը։ 12Ես մարդուն ավելի հազվագյուտ պիտի դարձնեմ, քան մաքուր ոսկին, և մարդ արարածին ավելի հազվագյուտ, քան Օփիրի ոսկին»։ 13Դրա համար կցնցեմ երկինքը, և երկիրն իր տեղից կսասանվի, Զորությունների Տիրոջ վրդովմունքի ժամանակ՝ բորբոք բարկության օրը։ 14Հալածված այծյամի նման և ցրված ոչխարների պես, որոնք հավաքող չունեն, ամեն մարդ կվերադառնա իր ժողովրդի մոտ, ամեն մարդ կփախչի իր երկիրը։ 15Ով գտնվի, նետով կխոցվի, ով բռնվի, սրով կընկնի։ 16Նրանց մանուկները գետնով տրվելով պիտի կոտորվեն իրենց աչքերի առաջ, նրանց տները կկողոպտվեն, և նրանց կանայք կբռնաբարվեն։ 17«Ահա ես նրանց դեմ պիտի հանեմ մարերին։ Նրանք բանի տեղ չեն դնում արծաթը և ոսկին չեն ախորժում։ 18Նրանց աղեղները կխոցեն երիտասարդներին և չեն գթա մոր որովայնի պտղին, նրանց աչքը չի խնայի մանուկներին»։ 19Եվ Բաբելոնը՝ թագավորությունների զարդը, քաղդեացիների պարծանքի շքեղությունը, Սոդոմի ու Գոմորի պես կդառնա, երբ Աստված դրանք կործանեց։ 20Այնտեղ ապրող չպիտի լինի, և չի բնակեցվի սերնդեսերունդ. արաբն այնտեղ չի խփելու իր վրանը, հովիվներն այնտեղ չեն հանգստացնելու իրենց հոտերը, 21այլ վայրի գազաններն են մակաղելու այնտեղ, բվերն են լցնելու նրանց տները, այնտեղ ջայլամներն են բնակվելու, այծամարդերն են պար գալու, 22բորենիներն են ոռնալու նրա պալատներում, և աղվեսները՝ նրա ապարանքներում։ Նրա ժամանակը հասնելու մոտ է, և նրա օրերը չպիտի երկարաձգվեն։
Արդեն Ընտրված.
ԵՍԱՅԻ 13: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018