ՈՎՍԵԵ 9
9
Ովսեեն հայտնում է Իսրայելի պատիժը
1Մի՛ ուրախացիր, ո՛վ Իսրայել, մի՛ ցնծա, ինչպես ժողովուրդները, քանզի պոռնկացար ու հեռացար քո Աստծուց. ցորենի ամեն կալի վրա պոռնկության վարձը սիրեցիր։ 2Կալը և հնձանը նրանց չեն կերակրելու, և քաղցուն պիտի ստի նրան։ 3Նրանք չեն բնակվելու Տիրոջ երկրում, այլ Եփրեմը պիտի վերադառնա Եգիպտոս, և Ասորեստանում անմաքուր բաներ պիտի ուտեն։ 4Նրանք Տիրոջը գինու նվեր չեն մատուցելու, և նրան հաճելի չեն լինելու նրանց զոհերը. սգավորների հացի պես պիտի լինի նրանց հացը. բոլոր ուտողները պիտի պղծվեն, որովհետև նրանց հացը նրանց անձերի համար է և չի մտնելու Տիրոջ տունը։ 5Ի՞նչ եք անելու հանդիսավոր տոնի օրը և Տիրոջ տոնախմբության օրը։ 6Որովհետև ահա կործանումից փախչելով գնում են. Եգիպտոսը պիտի ժողովի նրանց, Մեմփիսը պիտի թաղի նրանց, եղինջը պիտի ժառանգի նրանց ցանկալի արծաթեղենը, փուշ պիտի լինի նրանց վրաններում։ 7Եկան պատժի օրերը, եկան հատուցման օրերը, Իսրայելը պիտի իմանա. անմիտ է մարգարեն, խելագար է ներշնչված մարդը քո բազում անօրենության և մեծ հակառակության պատճառով։ 8Եփրեմն իմ Աստծու հետ դիտում է, իսկ մարգարեն լարված որոգայթ է նրա բոլոր ճանապարհների վրա, հակառակություն՝ իր Աստծու տան մեջ։ 9Գաբաայի օրերի պես խորապես ապականվեցին։ Նա պիտի հիշի իրենց անօրենությունը, պիտի պատժի նրանց մեղքերը։
Իսրայելի մեղքը և դրա հետևանքը
10Իսրայելին գտա, ինչպես խաղողն անապատում. թզենու կանխահաս՝ առաջին պտուղների պես տեսա ձեր հայրերին։ Սակայն երբ նրանք եկան Բաալփեգոր և իրենց նվիրաբերեցին ամոթալի կուռքին, պիղծ եղան իրենց սիրած բանի պես։ 11Ծնունդից, արգանդից, հղիությունից Եփրեմի փառքը թռչունի պես պիտի թռչի։ 12Թեկուզ իրենց որդիներին մեծացնեն, նրանց անզավակ պիտի դարձնեմ, մինչև ոչ մեկը չմնա. որովհետև վա՜յ նրանց, երբ ես իրենցից հեռանամ։ 13Եփրեմը, ինչպես որ Տյուրոսում տեսա, տնկված էր հաճելի վայրում, բայց Եփրեմն իր որդիներին դուրս է հանելու սպանողի մոտ։ 14Տո՛ւր նրանց, Տե՛ր. ի՞նչ ես տալու նրանց. տո՛ւր նրանց վիժող արգանդ և ցամաք ստինքներ։
Աստծու դատաստանն Իսրայելին
15Նրանց ամբողջ չարությունը Գաղգաղայում է. այնտեղ ատեցի նրանց իրենց արարքների չարության պատճառով. նրանց իմ տնից պիտի վտարեմ և այլևս չպիտի սիրեմ նրանց. նրանց բոլոր իշխանավորները ապստամբներ են։ 16Հարվածվեց Եփրեմը. նրանց արմատը չորացավ, պտուղ չեն տալու։ Թեկուզ ծնեն էլ, նրանց արգանդի ցանկալիներին պիտի մեռցնեմ։
Մարգարեն խոսում է Իսրայելի մասին
17Նրանց մերժելու է իմ Աստվածը, որովհետև չլսեցին նրան, և ազգերի մեջ թափառական պիտի լինեն։
Արդեն Ընտրված.
ՈՎՍԵԵ 9: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018