ՈՎՍԵԵ 2:14-23

ՈՎՍԵԵ 2:14-23 ՆՎԱԱ

«Ուստի ահա ես նրան կհրապուրեմ ու կտանեմ անապատ և կխոսեմ նրա սրտի հետ։ Եվ ես այնտեղից իր այգիներն իրեն կտամ և Աքովրի ձորը հույսի դուռ կանեմ, և նա այնտեղ կպատասխանի իր մանկության օրերի պես և Եգիպտոսի երկրից իր դուրս գալու օրվա պես։ Այն օրը,- ասում է Տերը,- ինձ “այրս” կկոչես և ինձ այլևս “Բահաղս” չես ասի։ Ես Բահաղների անունները կհեռացնեմ նրա բերանից, և նրանք այլևս չպիտի հիշվեն իրենց անուններով։ Եվ նրանց համար այն օրը ուխտ պիտի կնքեմ դաշտի գազանների հետ, երկնքի թռչունների հետ և երկրի սողունների հետ։ Աղեղը, սուրը և պատերազմը պիտի վերացնեմ երկրից և նրանց ապահովությամբ պիտի պառկեցնեմ։ Եվ քեզ ինձ պիտի նշանեմ հավիտյան, և քեզ ինձ պիտի նշանեմ արդարությամբ և իրավունքով, ողորմությամբ և գթությամբ։ Քեզ ինձ պիտի նշանեմ հավատարմությամբ, և դու կճանաչես Տիրոջը։ Եվ այն օրը, որ ես կպատասխանեմ,- ասում է Տերը,- կպատասխանեմ երկնքին, և նա կպատասխանի երկրին։ Եվ երկիրը կպատասխանի ցորենին, գինուն և յուղին, և նրանք կպատասխանեն Հեզրայելին։ Եվ նրան երկրի վրա պիտի սերմանեմ ինձ համար և պիտի ողորմեմ ողորմություն չգտածին և կասեմ նրան, որ իմ ժողովուրդը չէ. “Դու իմ ժողովուրդն ես”, և նա կասի. “Դու ես, ո՛վ իմ Աստված”»։