Եբրայեցիներին 9:1-15

Եբրայեցիներին 9:1-15 ՆՎԱԱ

Առաջին ուխտն էլ ուներ պաշտամունքի կանոններ և երկրային սրբարան, որովհետև առաջին խորանը պատրաստվեց այսպես. նրա մեջ էին աշտանակը, սեղանն ու առաջավորության հացերը։ Դա «սրբություն» է կոչվում։ Իսկ երկրորդ վարագույրի հետևում կար խորան, որ «Սրբություն սրբոց» էր կոչվում. այնտեղ դրվում էին ոսկե բուրվառը և ուխտի տապանակը՝ ամեն կողմից ոսկով պատած. նրա մեջ կար ոսկե սափորը՝ մանանայով, Ահարոնի գավազանը, որ ծաղկեց, և ուխտի տախտակները։ Տապանակի վերևում փառքի քերովբեներն էին, որ քավարանի վրա հովանի էին անում, որոնց մասին հիմա պետք չէ մանրամասն խոսել։ Եվ այս բաներն այսպես էին դասավորված. քահանաները միշտ մտնում էին առաջին խորանը՝ պաշտամունքներ կատարելու։ Իսկ երկրորդի մեջ տարին մեկ անգամ մտնում էր միայն քահանայապետը և ոչ առանց զոհի արյան, որ մատուցում էր իր ու ժողովրդի կողմից անգիտությամբ արված մեղքերի համար։ Դրանով Սուրբ Հոգին ցույց էր տալիս, որ «սրբության» ճանապարհը հայտնված չէ, քանի որ առաջին խորանը դեռ հաստատուն էր մնում։ Սա խորհրդանշան է ներկա ժամանակի համար, երբ ընծաներ ու զոհեր էին մատուցվում, որոնք չէին կարող կատարյալ դարձնել պաշտամունք մատուցողի խիղճը. միայն ուտելիքի, ըմպելիքի ու պես-պես լվացումների վրա հիմնված պաշտամունքը մարմնական արարողություններով է, որոնք ժամանակավոր են և գործում են մինչև մարդու ուղղվելը։ Իսկ Քրիստոսը՝ գալիք բարիքների Քահանայապետը, եկավ՝ անցնելով ավելի մեծ, կատարյալ և անձեռակերտ խորանով, այսինքն՝ ո՛չ այս աշխարհի արարածների կողմից պատրաստված և ո՛չ էլ նոխազների ու զվարակների արյունով, այլ իր իսկ արյամբ մեկ անգամ այն սրբարանը մտավ ու հավիտենական փրկություն ստացավ։ Որովհետև եթե ցուլերի, նոխազների արյունը և երինջների մոխիրը շաղ տալով՝ մաքրում են պղծվածների մարմինը, որչա՜փ ևս առավել Քրիստոսի արյունը, որ հավիտենական Հոգով ինքն իրեն անարատ զոհ մատուցեց Աստծուն, կմաքրի ձեր խիղճը այն մահացու գործերից, որպեսզի կենդանի Աստծուն պաշտեք։ Եվ դրա համար նա նոր ուխտի միջնորդ է, քանի որ իր մահը առաջին ուխտի ժամանակ գործված հանցանքների քավության համար եղավ, որպեսզի կանչվածները հավիտենական ժառանգության խոստումն ստանան։