Եբրայեցիներին 7:20-28

Եբրայեցիներին 7:20-28 ՆՎԱԱ

Եվ որքանով որ նա առանց երդման չեղավ, որովհետև ոմանք առանց երդման են քահանա դարձել, բայց նա՝ երդումով, նրա միջոցով, որ նրան ասաց. «Երդվեց Տերը ու չի զղջա. դու հավիտյան քահանա ես» , նույն չափով էլ Հիսուսը երաշխավոր եղավ լավագույն ուխտի։ Այդուհանդերձ շատ քահանաներ են եղել, որովհետև մահն արգելք էր լինում, որ նրանք մշտական քահանա մնան։ Բայց սա հավիտենական մնալու պատճառով անանց քահանայություն ունի։ Ուստի և կարող է փրկել նրանց, ովքեր իր միջոցով մոտենում են Աստծուն, որովհետև միշտ կենդանի է, որպեսզի նրանց համար բարեխոս լինի։ Մեզ այսպիսի քահանայապետ էր պետք՝ սուրբ, անմեղ, անարատ, մեղավորներից զատված ու երկնքից վեր բարձրացած, որը, ինչպես ուրիշ քահանայապետներ, պետք չունի ամեն օր նախ իր մեղքերի համար զոհ մատուցելու և հետո՝ ժողովրդի մեղքերի համար, քանի որ նա մեկ անգամ կատարեց այդ՝ ինքն իրեն պատարագ մատուցելով։ Օրենքը քահանայապետներ է կարգում տկարություն ունեցող մարդկանց, բայց երդման խոսքը, որ օրենքից հետո է գալիս, կարգում է Որդուն, որ հավիտյան կատարյալ է։