Եբրայեցիներին 7:11-28

Եբրայեցիներին 7:11-28 ՆՎԱԱ

Եթե կատարելությունը ղևտացիների քահանայության միջոցով էր (որովհետև ժողովուրդը նրա վրա հիմնվելով օրենքն ընդունեց), էլ ի՞նչ կարիք կա, որ Մելքիսեդեկի կարգով մի ուրիշ քահանա հանդես գա Ահարոնի կարգի փոխարեն, քանի որ քահանայություն փոխելով՝ հարկ է, որ օրենքն էլ փոխվի։ Որովհետև նա, ում մասին այս բաներն ասվում են, պատկանում էր ուրիշ ցեղի, որից ոչ ոք զոհասեղանին չի ծառայել։ Հայտնի է, որ մեր Տերը Հուդայի ցեղից է սերում, և այդ ցեղի քահանաների մասին Մովսեսը ոչինչ չի ասել։ Առավել ևս հայտնի է, որ Մելքիսեդեկի նմանությամբ ուրիշ քահանա է հանդես գալիս, որը ոչ ըստ մարդկային օրենքի պատվիրանի եղավ, այլ ըստ անվախճան կյանքի զորության։ Քանզի վկայվեց. «Դու հավիտյան քահանա ես՝ ըստ Մելքիսեդեկի կարգի» ։ Քանի որ առաջին պատվիրանի բեկանումը դրա տկարության և անօգուտ լինելու պատճառով էր, որովհետև օրենքը կատարյալ ոչինչ չի արել, փոխարենը լավագույն հույսը ներթափանցեց, որով մոտենում ենք Աստծուն։ Եվ որքանով որ նա առանց երդման չեղավ, որովհետև ոմանք առանց երդման են քահանա դարձել, բայց նա՝ երդումով, նրա միջոցով, որ նրան ասաց. «Երդվեց Տերը ու չի զղջա. դու հավիտյան քահանա ես» , նույն չափով էլ Հիսուսը երաշխավոր եղավ լավագույն ուխտի։ Այդուհանդերձ շատ քահանաներ են եղել, որովհետև մահն արգելք էր լինում, որ նրանք մշտական քահանա մնան։ Բայց սա հավիտենական մնալու պատճառով անանց քահանայություն ունի։ Ուստի և կարող է փրկել նրանց, ովքեր իր միջոցով մոտենում են Աստծուն, որովհետև միշտ կենդանի է, որպեսզի նրանց համար բարեխոս լինի։ Մեզ այսպիսի քահանայապետ էր պետք՝ սուրբ, անմեղ, անարատ, մեղավորներից զատված ու երկնքից վեր բարձրացած, որը, ինչպես ուրիշ քահանայապետներ, պետք չունի ամեն օր նախ իր մեղքերի համար զոհ մատուցելու և հետո՝ ժողովրդի մեղքերի համար, քանի որ նա մեկ անգամ կատարեց այդ՝ ինքն իրեն պատարագ մատուցելով։ Օրենքը քահանայապետներ է կարգում տկարություն ունեցող մարդկանց, բայց երդման խոսքը, որ օրենքից հետո է գալիս, կարգում է Որդուն, որ հավիտյան կատարյալ է։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում