Եբրայեցիներին 7

7
Մելքիսեդեկ քահանայապետը
1Քանի որ այս Մելքիսեդեկը թագավոր էր Սաղեմի, Բարձրյալ Աստծու քահանա, որ ընդառաջ ելավ Աբրահամին, երբ նա վերադառնում էր թագավորների կոտորածից, և օրհնեց նրան, 2Աբրահամը ամեն ինչից նրան տասանորդ տվեց։ Մելքիսեդեկ նախ թարգմանվում է «արդարության թագավոր», ապա՝ «թագավոր Սաղեմի», այսինքն՝ «խաղաղության թագավոր»։ 3Նա անհայր, անմայր է, առանց ազգաբանության. ո՛չ օրերի սկիզբ ունի և ո՛չ կյանքի վերջ, այլ Աստծու Որդու նման մնում է մշտնջենական քահանա։
4Տեսե՛ք, թե որքա՜ն մեծ էր սա, որին Աբրահամ նահապետն էլ ավարից տասանորդ տվեց։ 5Ղևիի որդիներից նրանց, ովքեր քահանայություն են ստանում, համաձայն օրենքի՝ պատվիրված է տասանորդ վերցնելու ժողովրդից, այսինքն՝ իրենց եղբայրներից, թեև նրանք էլ Աբրահամի սերնդից են։ 6Բայց նրանց ազգատոհմից չհամարվածը Աբրահամից տասանորդ վերցրեց և օրհնեց նրան, ում խոստացված էր։ 7Անառարկելի է այն, որ փոքրն օրհնվում է մեծագույնի կողմից։ 8Եվ այստեղ մահկանացու մարդիկ են տասանորդ վերցնում, բայց այնտեղ՝ նա, ում մասին վկայվել է, որ կենդանի է։ 9Եվ, այսպես ասած, Աբրահամի միջոցով Ղևին ևս, որ տասանորդ էր վերցնում, տասանորդ է տվել, 10որովհետև նա նույնպես իր հոր սերնդից էր, երբ Մելքիսեդեկը նրան ընդառաջ ելավ։
Ղևտական քահանայության անկատարությունը
11Եթե կատարելությունը ղևտացիների քահանայության միջոցով էր (որովհետև ժողովուրդը նրա վրա հիմնվելով օրենքն ընդունեց), էլ ի՞նչ կարիք կա, որ Մելքիսեդեկի կարգով մի ուրիշ քահանա հանդես գա Ահարոնի կարգի փոխարեն, 12քանի որ քահանայություն փոխելով՝ հարկ է, որ օրենքն էլ փոխվի։ 13Որովհետև նա, ում մասին այս բաներն ասվում են, պատկանում էր ուրիշ ցեղի, որից ոչ ոք զոհասեղանին չի ծառայել։ 14Հայտնի է, որ մեր Տերը Հուդայի ցեղից է սերում, և այդ ցեղի քահանաների մասին Մովսեսը ոչինչ չի ասել։ 15Առավել ևս հայտնի է, որ Մելքիսեդեկի նմանությամբ ուրիշ քահանա է հանդես գալիս, 16որը ոչ ըստ մարդկային օրենքի պատվիրանի եղավ, այլ ըստ անվախճան կյանքի զորության։ 17Քանզի վկայվեց.
«Դու հավիտյան քահանա ես՝
ըստ Մելքիսեդեկի կարգի» (Սաղ. 110.4)։
18Քանի որ առաջին պատվիրանի բեկանումը դրա տկարության և անօգուտ լինելու պատճառով էր, 19որովհետև օրենքը կատարյալ ոչինչ չի արել, փոխարենը լավագույն հույսը ներթափանցեց, որով մոտենում ենք Աստծուն։
20Եվ որքանով որ նա առանց երդման չեղավ, որովհետև ոմանք առանց երդման են քահանա դարձել, 21բայց նա՝ երդումով, նրա միջոցով, որ նրան ասաց.
«Երդվեց Տերը
ու չի զղջա.
դու հավիտյան քահանա ես» (Սաղ. 110.4),
22նույն չափով էլ Հիսուսը երաշխավոր եղավ լավագույն ուխտի։
23Այդուհանդերձ շատ քահանաներ են եղել, որովհետև մահն արգելք էր լինում, որ նրանք մշտական քահանա մնան։ 24Բայց սա հավիտենական մնալու պատճառով անանց քահանայություն ունի։ 25Ուստի և կարող է փրկել նրանց, ովքեր իր միջոցով մոտենում են Աստծուն, որովհետև միշտ կենդանի է, որպեսզի նրանց համար բարեխոս լինի։
26Մեզ այսպիսի քահանայապետ էր պետք՝ սուրբ, անմեղ, անարատ, մեղավորներից զատված ու երկնքից վեր բարձրացած, 27որը, ինչպես ուրիշ քահանայապետներ, պետք չունի ամեն օր նախ իր մեղքերի համար զոհ մատուցելու և հետո՝ ժողովրդի մեղքերի համար, քանի որ նա մեկ անգամ կատարեց այդ՝ ինքն իրեն պատարագ մատուցելով։ 28Օրենքը քահանայապետներ է կարգում տկարություն ունեցող մարդկանց, բայց երդման խոսքը, որ օրենքից հետո է գալիս, կարգում է Որդուն, որ հավիտյան կատարյալ է։

Արդեն Ընտրված.

Եբրայեցիներին 7: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք