Եբրայեցիներին 5:1-10

Եբրայեցիներին 5:1-10 ՆՎԱԱ

Մարդկանց միջից ընտրված ամեն քահանայապետ կարգված է մարդկանց կողմից Աստծու հետ հարաբերությունների մեջ լինելու, որպեսզի ընծաներ ու զոհեր մատուցի մեղքերի համար։ Նա կարող է տգետներին ու մոլորվածներին կարեկից լինել, որովհետև ինքն էլ տկարությամբ է պատված։ Եվ այդ պատճառով նա պետք է ինչպես ժողովրդի, այնպես էլ իր համար ընծա մատուցի մեղքերի համար։ Եվ որևէ մեկը ոչ թե ինքն իրենից է այդ պատիվն ստանում, այլ նա, ով Աստծուց կանչված է, ինչպես Ահարոնը։ Նույն կերպ էլ Քրիստոսը ոչ թե ի՛նքն իրեն փառավորեց, որպեսզի Քահանայապետ լինի, այլ նա, ով նրան ասաց. «Դու ես իմ Որդին, ես այսօր ծնեցի քեզ» ։ Ինչպես որ մի ուրիշ տեղ էլ ասում է. «Դու հավիտյան քահանա ես՝ ըստ Մելքիսեդեկի կարգի» ։ Նա, ով իր երկրային օրերին ուժգին աղաղակով ու արտասուքով աղոթք ու աղաչանք էր մատուցում նրան, որ կարող էր իրեն մահից փրկել։ Եվ լսելի եղավ իր բարեպաշտության համար։ Թեև Որդի էր, չարչարանքներից հնազանդություն սովորեց։ Եվ կատարյալ դառնալով՝ բոլոր իրեն հնազանդվողների համար հավիտենական փրկության պատճառ եղավ՝ Աստծուց Քահանայապետ անվանվելով, ըստ Մելքիսեդեկի կարգի։