Եբրայեցիներին 4:1-16

Եբրայեցիներին 4:1-16 ՆՎԱԱ

Ուրեմն զգուշանանք. քանի դեռ նրա հանգստի մեջ մտնելու խոստումը մնում է, ձեզանից որևէ մեկը դուրս չմնա։ Որովհետև մեզ էլ է նրանց պես ավետվել, բայց խոսքը լսելը նրանց օգուտ չբերեց, քանի որ լսողների մեջ հավատով չներթափանցեց։ Բայց մենք, որ հավատացինք, մտնելու ենք այն հանգստի մեջ, ինչպես որ ասաց. «Ինչպես իմ բարկության մեջ երդվեցի, թե իմ հանգստի մեջ չպիտի մտնեն» , թեև նրա գործերն աշխարհի սկզբից կատարված էին։ Որովհետև մի տեղ յոթերորդ օրվա մասին այսպես է ասում. «Եվ Աստված յոթերորդ օրը հանգստացավ իր բոլոր գործերից» ։ Եվ այստեղ դարձյալ ասում է. «Իմ պատրաստած հանգստի վայրը չպիտի մտնեն» ։ Թեև ոմանք կարող էին այդ հանգստի վայրը մտնել, հատկապես նրանք, որ լսեցին ավետաբեր լուրը, սակայն չմտան իրենց անհավատության պատճառով, Աստված նրանց դարձյալ մի օր է սահմանում՝ «Այսօրը». երկար ժամանակ հետո Դավթի միջոցով ասվեց. «Այսօր եթե նրա ձայնը լսեք, ձեր սրտերը մի՛ կարծրացրեք» ։ Որովհետև եթե Հեսուն նրանց հանգստի մեջ տարած լիներ, դրանից հետո ուրիշ օրվա մասին այլևս չէր խոսի։ Ուրեմն Աստծու ժողովրդի համար դեռ մեկ այլ հանգստի օր մնում է, որովհետև նրա հանգստի մեջ մտնողն ինքն էլ է իր գործերից հանգստանում, ինչպես Աստված էլ՝ իր գործերից։ Ուրեմն ջանանք մտնել այդ հանգստի մեջ, որպեսզի ոչ ոք անհնազանդության նման օրինակով չընկնի։ Կենդանի է Աստծու խոսքն ու ազդեցիկ և ամեն մի երկսայրի սրից առավել կտրուկ է. այն թափանցում է մինչև շնչի և հոգու, հոդերի և ողնածուծի բաժանումը, քննում է սրտի խոկումներն ու խորհուրդները։ Նրա առաջ անտեսանելի արարած չկա, այլ ամեն բան հստակ է և ակնհայտ. նրան ենք հաշվետու։ Արդ ունենք երկինքներով անցած մեծ Քահանայապետ՝ Հիսուսին՝ Աստծու Որդուն, ուստի ամուր պահենք դավանությունը։ Որովհետև ոչ թե մի քահանայապետ ունենք, որ չի կարող մեր տկարություններին չարչարակից լինել, այլ մի այնպիսին, որ ամեն բանով փորձված է մեզ նման, բայց առանց մեղքի է։ Ուրեմն նրա շնորհի աթոռին համարձակությամբ մոտենանք, որպեսզի ողորմություն ստանանք ու շնորհ գտնենք մեզ օգնության պատեհ ժամին։