Եբրայեցիներին 4:1-10

Եբրայեցիներին 4:1-10 ՆՎԱԱ

Ուրեմն զգուշանանք. քանի դեռ նրա հանգստի մեջ մտնելու խոստումը մնում է, ձեզանից որևէ մեկը դուրս չմնա։ Որովհետև մեզ էլ է նրանց պես ավետվել, բայց խոսքը լսելը նրանց օգուտ չբերեց, քանի որ լսողների մեջ հավատով չներթափանցեց։ Բայց մենք, որ հավատացինք, մտնելու ենք այն հանգստի մեջ, ինչպես որ ասաց. «Ինչպես իմ բարկության մեջ երդվեցի, թե իմ հանգստի մեջ չպիտի մտնեն» , թեև նրա գործերն աշխարհի սկզբից կատարված էին։ Որովհետև մի տեղ յոթերորդ օրվա մասին այսպես է ասում. «Եվ Աստված յոթերորդ օրը հանգստացավ իր բոլոր գործերից» ։ Եվ այստեղ դարձյալ ասում է. «Իմ պատրաստած հանգստի վայրը չպիտի մտնեն» ։ Թեև ոմանք կարող էին այդ հանգստի վայրը մտնել, հատկապես նրանք, որ լսեցին ավետաբեր լուրը, սակայն չմտան իրենց անհավատության պատճառով, Աստված նրանց դարձյալ մի օր է սահմանում՝ «Այսօրը». երկար ժամանակ հետո Դավթի միջոցով ասվեց. «Այսօր եթե նրա ձայնը լսեք, ձեր սրտերը մի՛ կարծրացրեք» ։ Որովհետև եթե Հեսուն նրանց հանգստի մեջ տարած լիներ, դրանից հետո ուրիշ օրվա մասին այլևս չէր խոսի։ Ուրեմն Աստծու ժողովրդի համար դեռ մեկ այլ հանգստի օր մնում է, որովհետև նրա հանգստի մեջ մտնողն ինքն էլ է իր գործերից հանգստանում, ինչպես Աստված էլ՝ իր գործերից։