Ուստի, սո՛ւրբ եղբայրներ, երկնային կոչմա՛ն մասնակիցներ, նայե՛ք մեր Առաքյալին ու Քահանայապետին՝ Քրիստոս Հիսուսին, որին խոստովանում ենք, որ հավատարիմ է իրեն արարողին, ինչպես Մովսեսը՝ նրա ամբողջ տան մեջ։ Որովհետև նա առավել փառքի արժանի եղավ, քան Մովսեսը, ինչպես որ տնից ավելի մեծ պատիվ ունի այն կառուցողը։ Ամեն տուն որևէ մեկի կողմից է կառուցվում, իսկ նա, ով ամեն բան արարեց, Աստված է։ Եվ Մովսեսը հավատարիմ եղավ նրա ամբողջ տան մեջ որպես ծառա՝ վկայելու ասվելիք խոսքերը։ Իսկ Քրիստոսը իբրև որդի է նրա տան վրա։ Նրա տունը մենք իսկ ենք, եթե համարձակությունն ու հույսի պարծանքը մինչև վերջ հաստատ պահենք։
Դրա համար Սուրբ Հոգին այսպես է ասում.
«Այսօր եթե նրա ձայնը լսեք,
ձեր սրտերը մի՛ կարծրացրեք, ինչպես փորձության օրը անապատում,
որտեղ ձեր հայրերը փորձեցին ինձ, քննեցին ինձ
ու տեսան իմ գործերը քառասուն տարի։
Դրա համար այդ սերնդից զզվեցի
և ասացի. "Միշտ մոլորվում են սրտով,
և նրանք իմ ճանապարհները չճանաչեցին"։
Այնպես որ ես իմ բարկության մեջ երդվեցի,
որ իմ հանգստի մեջ չպիտի մտնեն» ։
Տեսե՛ք, եղբայրնե՛ր, թող երբեք ձեզանից մեկի մեջ անհավատ, չար սիրտ չլինի և հեռանա կենդանի Աստծուց։ Այլ ամեն օր միմյանց հորդորե՛ք, քանի որ այսօրը դեռ կա, որպեսզի ձեզանից ոչ ոք մեղքի խաբեությամբ չկարծրանա։ Քանի որ մասնակից եղանք Քրիստոսին, ուստի հավատը սկզբից մինչև վերջ պետք է հաստատուն պահենք։ Քանի որ ասվում է.
«Այսօր եթե նրա ձայնը լսեք,
ձեր սրտերը մի՛ կարծրացրեք, ինչպես դառնության օրերին» ։
Որովհետև ովքե՞ր էին, որ լսեցին և դառնացրին նրան. ո՞չ բոլոր նրանք, որ Մովսեսի միջոցով դուրս էին եկել Եգիպտոսից։ Քառասուն տարի ումի՞ց զզվեց. չէ՞ որ մեղք գործածներից, որոնց ոսկորներն ընկան անապատում։ Եվ ո՞ւմ երդվեց, որ իր հանգստի մեջ չպիտի մտնեն, եթե ոչ անհավատներին։ Եվ տեսնում ենք, որ չկարողացան մտնել անհավատության պատճառով։