Եբրայեցիներին 2
2
Մեծ փրկությունը
1Դրա համար մենք պետք է առավել ևս ուշադիր լինենք մեր լսածներին, որպեսզի երբեք չշեղվենք։ 2Որովհետև եթե հրեշտակների միջոցով ասված խոսքը հաստատուն եղավ, և ամեն հանցանք ու անհնազանդություն իր արդար պատիժն ստացան, 3ապա մենք ինչպե՞ս պիտի խուսափենք, եթե այսպիսի մեծ փրկության նկատմամբ անտարբեր լինենք, որը սկզբից Տիրոջ կողմից հռչակվեց, հետո մեր մեջ հաստատվեց նրան լսողների միջոցով։ 4Աստված այն վկայեց նշաններով, հրաշքներով, տեսակ-տեսակ զորություններով և Սուրբ Հոգու պարգևներով. ըստ իր կամքի կամեցավ։
Փրկություն Քրիստոսով և ոչ թե հրեշտակներով
5Որովհետև հրեշտակներին չհնազանդեցրեց այն հանդերձյալ աշխարհը, որի մասին խոսում ենք։ 6Մեկը մի տեղ վկայել է՝ ասելով.
«Մարդն ի՞նչ է, որ նրան հիշես,
կամ մարդու որդին, որ նրան այցելում ես։
7 Նրան հրեշտակներից մի քիչ ցածր իջեցրիր,
նրան փառքով ու պատվով պսակեցիր.
8 ամեն ինչ նրա ոտքերից ներքև հնազանդեցրիր» (Սաղ. 8.4-6)։
Որովհետև ամեն ինչ նրան հնազանդեցրեց, ոչինչ չթողեց, որ հնազանդ չլինի նրան, սակայն հիմա դեռ չենք տեսնում, որ ամեն ինչ նրան հնազանդեցված է։ 9Բայց մահվան չարչարանքի պատճառով հրեշտակներից մի փոքր ցածր դասված տեսնում ենք փառքով ու պատվով պսակված Հիսուսին, որպեսզի Աստծու շնորհով բոլորի համար մահը ճաշակի։
10Որովհետև պետք էր, որ նա, որի համար է ամեն բան, և որով է ամեն բան, շատ որդիների դեպի փառք առաջնորդի, նրանց փրկության առաջնորդի չարչարանքի միջոցով։ 11Որովհետև թե՛ սրբացնողը և թե՛ սրբացվողները՝ բոլորը մեկից են. այդ պատճառով ամոթ չի համարում նրանց եղբայրներ կոչել 12ու ասել.
«Քո անունն իմ եղբայրներին պիտի հայտնեմ,
ժողովրդի հավաքույթի մեջ պիտի գովաբանեմ քեզ» (Սաղ. 22.22)։
13Եվ դարձյալ.
«Ես հույսս նրա վրա պիտի դնեմ» (Ես. 8.17)։
Եվ դարձյալ.
«Ահա ես ու իմ զավակները, որոնց Աստված ինձ տվեց» (Ես. 8.18)։
14Արդ որովհետև զավակներն արյանն ու մարմնին հաղորդակից եղան, ինքն էլ միևնույն կերպով հաղորդակից եղավ նրանց, որպեսզի իր մահով կործանի մահվան իշխանությունն ունեցողին, այսինքն՝ սատանային, 15և ազատի նրանց, ովքեր իրենց ամբողջ կյանքում գերված են մահվան ահից, 16քանի որ հրեշտակներին բնավ չի օգնում, այլ Աբրահամի սերնդին։ 17Ուստի պետք էր, որ նա ամեն ինչով եղբայրներին նմանվեր, որպեսզի ողորմած լիներ և հավատարիմ քահանայապետ Աստծու առաջ, որպեսզի ժողովրդի մեղքերը քավեր։ 18Որովհետև ինչպես որ ինքը չարչարվեց ու փորձվեց, այնպես էլ կարող է օգնել փորձության ենթարկվածներին։
Արդեն Ընտրված.
Եբրայեցիներին 2: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018