Եբրայեցիներին 12

12
Աստված՝ մեր հայրը
1Ուստի մենք էլ, որ շրջապատված ենք վկաների այսչափ բազմությամբ, դեն գցենք ամեն ծանրություն և մեղքը, որ մեզ հեշտությամբ է պաշարում, և համբերությամբ ընթանանք մեր առջև բացված մրցասպարեզ, 2նայենք հավատի զորագլխին ու այն կատարողին՝ Հիսուսին, որն իր առջև դրված ուրախության փոխարեն խաչը հանձն առավ և ամոթն արհամարհելով՝ Աստծու աթոռի աջ կողմում նստեց։ 3Ուրեմն նրա՛ մասին մտածեք, ով մեղավորների կողմից իր դեմ այսպիսի հակառակություն կրեց, որպեսզի դուք չհոգնեք և չհուսահատվեք։
4Դուք դեռ արյուն թափելու չափ չեք պատերազմել՝ մեղքին հակառակ կանգնելու, 5և մոռացել եք այն խրատը, որով ձեզ հետ խոսում է իբրև որդիների.
«Որդյա՛կ իմ, Տիրոջ խրատը մի՛ անարգիր
և ո՛չ էլ նրանից հանդիմանվելու ժամանակ վհատվիր.
6 որովհետև Տերն ում սիրում է, խրատում է.
պատժում է ամեն զավակի, որին ընդունում է» (Հոբ 5.17, Առկ. 3.11-12)։
7Եթե խրատին համբերեք, Աստված ձեզ հետ իբրև որդիների կվարվի։ Ո՞ր որդու հայրը չի խրատում։ 8Բայց եթե առանց խրատի մնաք, որին բոլորն են մասնակից, ուրեմն խորթ եք և ոչ հարազատ որդիներ։ 9Մենք ևս, մեր մարմնավոր հայրերին խրատող ունենալով, նրանցից ամաչում էինք. որչա՜փ առավել պետք է հոգիների Հորը հնազանդվենք, որ ապրենք։ 10Որովհետև սրանք մի որոշ ժամանակ ըստ իրենց կամքի էին խրատում, բայց նա՝ մեր օգուտի համար, որպեսզի նրա սրբությանը հաղորդակից լինենք։ 11Եվ ամեն խրատ տվյալ պահին ուրախություն չի թվում, այլ տրտմություն, սակայն հետո դրանով դաստիարակվածներին արդար խաղաղության պտուղ է տալիս։
12Դրա համար ուղղե՛ք թուլացած ձեռքերն ու տկարացած ծնկները 13և ձեր ոտքերի համար ուղիղ ճանապարհնե՛ր շինեք, որպեսզի կաղը չգլորվի, այլ մանավանդ բժշկվի։
Պատիժ անհավատարմության համար
14Բոլորի հետ հետամո՛ւտ եղեք խաղաղության և սրբության, առանց որի ոչ ոք Տիրոջը չի տեսնի։ 15Զգո՛ւյշ եղեք՝ որևէ մեկն Աստծու շնորհից չզրկվի. դառնության արմատ թող չաճի ու ոչ ոքի թող նեղություն չտա, և դրանով շատերը չպղծվե. 16որպեսզի ոչ մեկը պոռնիկ ու պիղծ չլինի, ինչպես Եսավը, որ մի աման կերակուրի դիմաց իր անդրանիկությունը վաճառեց։ 17Որովհետև գիտեք, որ թեև հետո կամեցավ օրհնությունը ժառանգել, բայց մերժվեց, քանի որ ապաշխարության հնարավորություն չգտավ, թեպետ արտասուքով այն փնտրեց։
18Դուք չեք մոտեցել շոշափելի լեռանը, որ կրակով էր այրվում և պատված էր մեգով, խավարով ու մրրիկով, 19ուր փողն էր հնչում ու խոսքերի ձայնը, որը լսողները հրաժարվեցին, որպեսզի խոսքը չշարունակվի իրենց համար, 20քանի որ չէին դիմանում այն հրամանին. «Թեկուզև գազան մոտենա լեռանը, կքարկոծվի» (Ելք 19.12-13)։ 21Եվ տեսիլքն այնպես ահավոր էր, որ Մովսեսն ասում էր. «Զարհուրում եմ և դողում» (Բ Օր. 9.19)։ 22Բայց դուք մոտեցել եք Սիոն լեռանը և կենդանի Աստծու քաղաքին՝ երկնային Երուսաղեմին ու տոնախմբող բյուրավոր հրեշտակներին, 23երկնքում գրված անդրանիկների հանդեսին, բոլորի դատավոր Աստծուն ու արդարների կատարելության հասած հոգիներին, 24նոր ուխտի միջնորդ Հիսուսին ու նրա արյան սրսկմանը, որ ավելի խոսուն է, քան Աբելի արյունը։
25Զգո՛ւյշ եղեք, որ չմերժեք նրան, ով խոսում էր, որովհետև եթե նրանք, այս երկրի վրա պատգամ տվողին մերժելով, չկարողացան պատժից ազատվել, ապա որքա՜ն ավելի մենք, եթե երկնքից խոսողին մերժենք, 26որի ձայնն այն ժամանակ երկիրը շարժեց, հիմա էլ խոստում է տալիս՝ ասելով. «Մեկ անգամ ևս կշարժեմ ոչ միայն երկիրը, այլ նաև երկինքը» (Անգ. 2.6)։ 27Բայց «մեկ անգամ ևս»-ը ցույց է տալիս, որ շարժված բաներն իբրև արդեն կատարվածներ պիտի փոփոխվեն, որպեսզի անշարժ բաները մնան։ 28Ուստի անշարժ թագավորություն ընդունած լինելով՝ ամուր պահենք այն շնորհը, որով հաճույքով պիտի ծառայենք Աստծուն, ահով ու երկյուղածությամբ, 29որովհետև մեր Աստվածը ոչնչացնող կրակ է։

Արդեն Ընտրված.

Եբրայեցիներին 12: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք