Եբրայեցիներին 11:1-40

Եբրայեցիներին 11:1-40 ՆՎԱԱ

Հավատը հուսացված բաների հաստատումն ու աներևույթ բաների ապացույցն է, որովհետև նախնիները դրանով վկայություն ընդունեցին։ Հավատով ենք իմանում, որ դարերն Աստծու խոսքով ստեղծվեցին՝ անտեսանելի բաներից տեսանելի դառնալով։ Հավատով Աբելը Կայենից ավելի լավ զոհ մատուցեց Աստծուն, որով վկայություն ստացավ, որ արդար է. Աստված նրա ընծաների համար վկայություն տվեց։ Թեև նա մեռած է, բայց տակավին խոսում է։ Հավատով Ենովքը փոխադրվեց երկինք, որ մահ չտեսնի, և ոչ մի տեղ չգտնվեց, որովհետև նրան Աստված փոխադրեց։ Եվ նրա փոխադրվելուց առաջ վկայվել էր, որ նա Աստծուն հաճելի էր։ Բայց առանց հավատի անկարելի է Աստծուն հաճո լինել, որովհետև Աստծուն մոտեցողը պետք է հավատա, որ նա կա և իրեն փնտրողներին վարձահատույց է լինում։ Հավատով Նոյը, դեռևս անտեսանելի բաների մասին տեղեկանալով, երկյուղելով, իր տան փրկության համար շինեց տապանը, որով դատապարտեց աշխարհը և ժառանգորդ դարձավ հավատով արդարության։ Հավատով Աբրահամը հնազանդվեց, երբ կանչվեց գնալու այն տեղը, որն իբրև ժառանգություն էր ստանալու։ Նա ելավ գնաց՝ առանց իմանալու, թե ո՛ւր է գնում։ Հավատով նա պանդուխտ դարձավ ավետյաց երկրում, ինչպես օտարության մեջ՝ վրաններում բնակվելով Իսահակի և Հակոբի հետ, որոնք նույն խոստման ժառանգակիցներն էին։ Որովհետև սպասում էր հիմքերով հաստատված այն քաղաքին, որի ճարտարապետն ու արարիչն Աստված է։ Հավատով Սառան, որ ամուլ էր, սերմն ընդունելու զորություն ստացավ և առաջացած տարիքում որդի ծնեց, որովհետև խոստացողին հավատարիմ համարեց։ Դրա համար էլ այն մեկից, այն էլ զառամյալից բազմությամբ էին ծնվում, ինչպես երկնքի աստղերը և ինչպես անհամար ավազը ծովափին։ Սրանք բոլորը հավատի մեջ մեռան՝ առանց խոստումներն ստանալու։ Բայց հեռվից տեսնում էին դրանք, ողջունում ու խոստովանում էին, որ երկրի վրա օտարներ ու պանդուխտներ են։ Որովհետև այդպիսի բաներ խոսողները հայտնում են, որ մի հայրենիք են որոնում։ Եվ եթե հիշում էին այն երկիրը, որտեղից դուրս ելան, ուրեմն հետ դառնալու ժամանակ ունեին։ Բայց այժմ ավելի լավ վայրի են տենչում, այսինքն՝ երկնավոր վայրի, և դրա համար Աստված ամոթ չի համարում նրանց Աստվածը կոչվելու, որովհետև նրանց համար քաղաք է պատրաստել։ Հավատով Աբրահամն Իսահակին զոհ մատուցեց, երբ փորձվեց. նա, որ խոստումն ընդունել էր, իր միակ որդուն զոհ մատուցեց։ Որովհետև նրան ասվել էր. «Իսահակով քեզ պիտի սերունդ տրվի» ։ Աբրահամը մտածեց, որ Աստված կարող է Իսահակին մեռելներից էլ հարություն տալ, ուստի նա հետ ստացավ իր որդուն։ Հավատով Իսահակը օրհնեց Հակոբին ու Եսավին գալիք բաների համար։ Հավատով Հակոբը մեռնելիս Հովսեփի որդիներից ամեն մեկին օրհնեց և իր գավազանի ծայրին հենվելով՝ երկրպագեց Աստծուն։ Հավատով Հովսեփը վախճանվելիս Իսրայելի որդիների ելքի մասին հիշեց և իր ոսկորների վերաբերյալ պատվեր տվեց։ Հավատով էր, որ երբ Մովսեսը ծնվեց, երեք ամիս թաքցվեց իր ծնողների կողմից, որովհետև տեսան, որ մանուկը գեղեցիկ է, ու թագավորի հրամանից չվախեցան։ Հավատով էր, որ երբ Մովսեսը մեծացավ, հրաժարվեց փարավոնի դստեր որդի կոչվելուց։ Նա նախընտրեց Աստծու ժողովրդի հետ չարչարվել, քան թե միառժամանակ մեղսավոր վայելքներ ունենալ. Քրիստոսի նախատինքը Եգիպտոսի առատ գանձերից ավելի մեծ հարստություն համարեց, որովհետև վարձի հատուցում էր ակնկալում։ Հավատով նա թողեց Եգիպտոսը՝ թագավորի բարկությունից չվախենալով, որովհետև համբերեց, իբրև թե տեսնում էր Անտեսանելիին։ Հավատով կատարեց զատիկը և արյան սրսկումը, որպեսզի անդրանիկներին կործանողը նրանց չմոտենա։ Հավատով անցան Կարմիր ծովը, ինչպես ցամաքով, մինչ եգիպտացիներն այդ փորձելով խեղդվեցին։ Հավատով Երիքովի պարիսպները վայր ընկան, երբ յոթ օր նրա շուրջը պտտվեցին։ Հավատով Ռախաբ պոռնիկը չկորավ անհավատների հետ, որ խաղաղությամբ էր լրտեսներին ընդունել։ Եվ էլ ի՞նչ ասեմ. ժամանակս բավական չէ, որպեսզի պատմեմ Գեդեոնի, Բարակի, Սամփսոնի, Հեփթայեի, Դավթի, Սամուելի և մյուս մարգարեների մասին, որոնք հավատով թագավորությունների հաղթեցին, արդարություն գործեցին, հասան խոստումների, առյուծների երախներ փակեցին, կրակի զորությունը հանգցրին, սրի բերանից ազատվեցին, տկարությունից զորացան, պատերազմի մեջ զորավոր եղան, օտարների բանակներ փախուստի մատնեցին, կանայք իրենց մեռելներին հարության միջոցով վերստացան, ուրիշներն էլ, ազատությունը չընդունելով, խիստ չարչարվեցին, որպեսզի լավագույն հարության հասնեն. մյուսներն էլ ենթարկվեցին նախատինքների ու գանահարությունների, կապանքների ու բանտի, քարկոծվեցին, սղոցվեցին, փորձանքի մեջ ընկան, սրով սպանվելով մեռան, շրջեցին ոչխարի ու այծի մորթիներով ծածկված. ապրեցին կարիքի, նեղության, չարչարանքների մեջ։ Աշխարհը նրանց արժանի չէր. մոլորվեցին անապատներում, լեռներում, քարայրներում և երկրի խորշերում։ Եվ սրանք բոլորը հավատով վկայություն ստացան, բայց խոստումը չստացան։ Աստված մեզ համար ավելի լավ բաներ էր նախատեսել, որպեսզի դրանք առանց մեզ չկատարվեն։

Եբրայեցիներին 11:1-40 հետ կապված անվճար Ընթերցանության ծրագրեր և Շինության խոսքեր

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում