Արդ, եղբայրնե՛ր, քանի որ համարձակություն ունենք մուտք գործելու սրբարան Հիսուսի արյամբ, որը մեզ համար նոր ու կենդանի ճանապարհ բացեց վարագույրի միջով, որ իր մարմինն է, և մի մեծ քահանա ունենք Աստծու տան վրա, նրան մոտենանք ճշմարիտ սրտով, լիակատար հավատով, մեր սրտերը չար խղճմտանքից մաքրված ու մեր մարմինը մաքուր ջրով լվացված։ Աննկուն պահենք հույսի դավանությունը, որովհետև խոստացողը հավատարիմ է։ Եվ միմյանց նկատմամբ հոգատար լինենք՝ սիրո ու բարի գործերի մղելով։ Եվ մեր մեկտեղ հավաքվելը զանց չառնենք, ինչպես ոմանց սովորությունն է, այլ միմյանց քաջալերենք, և այնքան ավելի, որքան տեսնում եք, որ օրը մոտեցել է։
Եթե մենք ճշմարտության գիտությունն ընդունելուց հետո հոժար կամքով մեղք գործենք, ապա մեղքերի քավության համար այլևս ուրիշ զոհ չի մնում, այլ դատաստանի ահավոր սպասումը և կրակի զայրույթը, որ լափելու է հակառակվողներին։ Մեկը, որ Մովսեսի օրենքն անարգում էր, երկու կամ երեք հոգու վկայությամբ անողորմաբար սպանվում էր։ Կարծում եք՝ որչա՜փ ավելի խիստ պատժի կարժանանա նա, ով ոտնահարել է Աստծու Որդուն և անմաքուր համարել ուխտի արյունը, որով նա սրբվեց, և ով անարգել է շնորհի Հոգուն։ Քանի որ ճանաչում ենք նրան, որ ասաց.
«Իմն է վրեժխնդրությունը, և ես պիտի տամ հատուցումը» ։
Եվ դարձյալ.
«Տերը պիտի դատի իր ժողովրդին» ։
Ահավոր է կենդանի Աստծու ձեռքն ընկնելը։
Արդ առաջին օրե՛րը հիշեք, երբ դուք լուսավորվելուց հետո բազում չարչարանքների դիմացաք։ Երբեմն նախատինքների և նեղությունների մեջ խայտառակվեցիք, երբեմն էլ այդպիսի վիճակում գտնվողներին ցավակից եղաք։ Որովհետև և՛ բանտարկվածներին չարչարակից եղաք, և՛ ձեր ունեցվածքի հափշտակումը ուրախությամբ ընդունեցիք՝ իմանալով, որ ձեզ համար ավելի լավ ու մնայուն ինչք ունեք։ Ուրեմն մի՛ կորցրեք ձեր վստահությունը, որ մեծ վարձատրություն ունի։ Ձեզ համբերություն է պետք, որպեսզի Աստծու կամքը կատարելով՝ խոստումն ստանաք։ Քանի որ
«Մի փոքր միայն, մի փոքր ժամանակ ևս,
և նա, ով գալու է, կգա ու չի ուշանա։
Բայց իմ արդարը հավատով կապրի,
իսկ եթե մեկը ընկրկի,
իմ հոգին նրան չի հավանի» ։
Իսկ մենք ընկրկողներ չենք, որ կորսվենք, այլ մեր հոգիների փրկությանը հավատացողներ։