Եբրայեցիներին 10:1-25

Եբրայեցիներին 10:1-25 ՆՎԱԱ

Քանի որ օրենքն ունի ստվերը գալիք բարիքների և ոչ թե կերպարանքը բուն իրողությունների, ուստի օրենքը չի կարող ամեն տարի մատուցվող միևնույն զոհերով կատարյալ դարձնել մատուցողներին։ Ապա թե ոչ, նրանք մատուցելուց կդադարեին, որովհետև պաշտամունք մատուցողները, մեկ անգամ մաքրված լինելով, մեղքի հանդեպ ոչ մի խղճահարություն չէին ունենա։ Բայց նրանք դրանց միջոցով ամեն տարի մեղքերի հիշողության մեջ էին լինում, որովհետև անկարելի է, որ նոխազների և ցուլերի արյունը մեղքերը վերացնի։ Դրա համար Քրիստոսը աշխարհ մտնելիս ասում է. «Զոհ ու պատարագ չկամեցար, բայց ինձ համար մի մարմին պատրաստեցիր. Ողջակեզները և մեղքի համար զոհերը քեզ հաճելի չեղան։ Այն ժամանակ ասացի. "Ահա գալիս եմ (ինչպես որ Սուրբ գրքի փաթույթում իմ մասին գրված է), որ քո կամքը կատարեմ, ո՛վ Աստված"» ։ Վերևում նա ասում է. «Զոհ և ընծա, ողջակեզներ և մեղքի համար արված զոհ չկամեցար, և ոչ էլ դրանք քեզ հաճելի եղան, որոնք մատուցվում են ըստ օրենքի», այնուհետև ասում է. «Ահա գալիս եմ քո կամքը կատարելու, ո՛վ Աստված»։ Ջնջում է առաջինը, որպեսզի երկրորդը հաստատի։ Այդ կամքով է, որ մենք սրբվեցինք Հիսուս Քրիստոսի մարմնի միանգամյա ընծայաբերումով։ Եվ ամեն քահանայապետ ամեն օր կանգնում է պաշտամունք մատուցելու և նույն զոհերն է շատ անգամ մատուցում, որոնք երբեք չեն կարող մեղքերը վերացնել։ Բայց նա, մեղքերի համար մեկ զոհ մատուցելով, մշտնջենապես Աստծու աջ կողմում նստեց։ Եվ այնուհետև սպասում է, մինչև որ իր թշնամիներն իր ոտքերի տակ պատվանդան դրվեն։ Որովհետև մեկ պատարագով սրբվողներին հավիտյան կատարյալ դարձրեց։ Բայց Սուրբ Հոգին էլ մեզ վկայում է վերևում ասելուց հետո. «Սա է այն ուխտը, որ պիտի կնքեմ նրանց հետ այն օրից հետո,- ասում է Տերը.- իմ օրենքները նրանց սրտերի մեջ պիտի դնեմ և նրանց մտքերի վրա պիտի գրեմ դրանք»։ «Նրանց մեղքերն ու նրանց անօրենություններն այլևս չեմ հիշելու» ։ Իսկ որտեղ դրանց թողություն կա, մեղքի համար այլևս զոհ պետք չէ։ Արդ, եղբայրնե՛ր, քանի որ համարձակություն ունենք մուտք գործելու սրբարան Հիսուսի արյամբ, որը մեզ համար նոր ու կենդանի ճանապարհ բացեց վարագույրի միջով, որ իր մարմինն է, և մի մեծ քահանա ունենք Աստծու տան վրա, նրան մոտենանք ճշմարիտ սրտով, լիակատար հավատով, մեր սրտերը չար խղճմտանքից մաքրված ու մեր մարմինը մաքուր ջրով լվացված։ Աննկուն պահենք հույսի դավանությունը, որովհետև խոստացողը հավատարիմ է։ Եվ միմյանց նկատմամբ հոգատար լինենք՝ սիրո ու բարի գործերի մղելով։ Եվ մեր մեկտեղ հավաքվելը զանց չառնենք, ինչպես ոմանց սովորությունն է, այլ միմյանց քաջալերենք, և այնքան ավելի, որքան տեսնում եք, որ օրը մոտեցել է։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում