Եբրայեցիներին 1:2-14

Եբրայեցիներին 1:2-14 ՆՎԱԱ

այս վերջին օրերին մեզ հետ խոսեց Որդու միջոցով, որին ամեն ինչի ժառանգ կարգեց, և որի միջոցով ստեղծեց նաև դարերը։ Նա է նրա փառքի լույսն ու նրա էության արտահայտումը, որ իր խոսքի զորությամբ ամեն բան կրում է։ Նա մեր մեղքերի մաքրումը կատարելուց հետո նստեց Աստծու մեծության աջ կողմում՝ բարձունքներում։ Եվ հրեշտակներից այնքան բարձր դասվեց, որ նրանցից ավելի տարբեր անուն ժառանգեց։ Որովհետև հրեշտակներից որի՞ն երբևէ ասաց. «Դու ես իմ Որդին, ես այսօր ծնեցի քեզ» ։ Եվ դարձյալ. «Ես նրան Հայր կլինեմ, ու նա ինձ Որդի կլինի» ։ Եվ դարձյալ, երբ անդրանիկին աշխարհ է մտցնում, ասում է. « Եվ թող նրան երկրպագեն Աստծու բոլոր հրեշտակները» )։ Բայց հրեշտակների մասին ասում է. «Նա, որ իր հրեշտակներին հոգիներ դարձրեց ու իր ծառաներին՝ կրակի բոց» ։ Սակայն Որդուն ասում է. «Քո գահը, Աստվա՛ծ, հավիտյանս հավիտենից է. քո թագավորության գավազանն արդարության գավազան է։ Արդարությունը սիրեցիր և անօրենությունն ատեցիր. դրա համար, Աստվա՛ծ, քո Աստվածը քեզ օծեց ուրախության յուղով ավելի, քան քո ընկերներին» ։ Եվ՝ «Դու, Տե՛ր, ի սկզբանե երկիրը հիմնեցիր, և քո ձեռքի գործն են նաև երկինքները։ Նրանք կկորչեն, բայց դու կաս, կմնաս, իսկ բոլորը լաթի պես կմաշվեն։ Վերարկուի պես նրանց կոլորես, և հագուստի պես կփոխվեն, բայց դու նույնն ես, և քո տարիները չեն պակասելու» ։ Եվ հրեշտակներից որի՞ն երբևէ ասաց. «Նստի՛ր իմ աջ կողմում, մինչև որ քո թշնամիներին քո ոտքերին պատվանդան դնեմ» ։ Չէ՞ որ բոլորն էլ սպասավոր հոգիներ են՝ ուղարկված ծառայելու նրանց, ովքեր փրկությունը պիտի ժառանգեն։

Եբրայեցիներին 1:2-14 հետ կապված անվճար Ընթերցանության ծրագրեր և Շինության խոսքեր