ԱՄԲԱԿՈՒՄ 3:1-19

ԱՄԲԱԿՈՒՄ 3:1-19 ՆՎԱԱ

Ամբակում մարգարեի աղոթքը մեղեդիներով։ Ո՛վ Տեր, լսեցի այն, ինչ հայտնեցիր, և վախեցա։ Այս տարիներում վերանորոգի՛ր այն, ո՛վ Տեր. տարիների մեջ գիտենա՛լ տուր և բարկության մեջ գթությո՛ւն հիշիր։ Աստված Թեմանից եկավ, Սուրբը՝ Փարան սարից (Սելա). նրա փառքը ծածկեց երկինքը, և նրա գովաբանությամբ լցվեց երկիրը։ Նրա պայծառությունը լույսի պես էր, ճառագայթներ ուներ, և այնտեղ էր ծածկված նրա զորությունը։ Նրա առաջից ժանտախտն էր գնում, նրա ոտքերի հետևից հրատագնապ տենդ էր դուրս գալիս։ Նա կանգնեց և չափեց երկիրը, նայեց և դողացրեց ազգերին, և փշրվեցին վաղեմի լեռները, խոնարհվեցին դարավոր բլուրները. հավիտենական է նրա ընթացքը։ Տագնապի մեջ տեսա Քուշանի վրանները, սարսվեցին Մադիամի երկրի վարագույրները։ Մի՞թե գետերի վրա ես բարկացել, ո՛վ Տեր, կամ գետերի վրա՞ ես զայրացել, քո ցասումը ծովի՞ դեմ է, որ հեծնեցիր ձիերիդ՝ փրկության կառքերիդ։ Բոլորովին մերկացավ քո աղեղը՝ ցեղերին տված քո երդումների և խոսքի համեմատ (Սելա). գետերով ճեղքեցիր երկիրը։ Լեռները քեզ տեսան և դողացին, ջրհեղեղները հոսեցին. անդունդը տվեց իր ձայնը և դեպի վեր բարձրացրեց ձեռքերը։ Արեգակը, լուսինը իրենց կայանում կանգնեցին, քո նետերի լույսից, երբ սուրում էին, քո նիզակի փայլուն պայծառությունից։ Զայրացած առաջացար երկրի վրա, բարկությամբ ոտնակոխեցիր ազգերին։ Դու դուրս եկար քո ժողովրդի փրկության համար, քո ընտրյալի փրկության համար, անօրենի տան ծածկը ջարդեցիր՝ այն հիմնահատակ կործանելով (Սելա)։ Դու նրա գավազանով ծակեցիր նրա իշխանավորների գլուխը, որոնք մրրիկի պես եկան, որ ինձ ցրիվ տան. նրանց հրճվանքը տնանկին ծածկաբար լափելու պես է։ Դու քո ձիերով ծովը կոխոտեցիր հորդառատ ջրերի հորձանուտում։ Երբ Տերն ինձ այդ ամենը տեսանելի դարձրեց, ահը պատեց ինձ, շրթունքներս դողդողացին ձայնից, փտություն մտավ ոսկորներիս մեջ, և ես սարսռում եմ իմ կանգնած տեղում. սակայն հանգիստ սպասում եմ կորստյան օրվան, որ գա այն ժողովրդի դեմ, որ հարձակվել է մեզ վրա։ Թեկուզ թզենին չծաղկի, և որթատունկի վրա բերք չլինի, ձիթենու արդյունքը ստի, և արտերը կերակուր չտան, ոչխարը կտրվի փարախից, և արջառ չլինի գոմերում, սակայն ես Տիրոջով պիտի ցնծամ, պիտի իմ փրկության Աստծով ուրախանամ։ Տեր Աստված իմ զորությունն է. իմ ոտքերը եղնիկների նման է անում և ինձ իմ բարձր տեղերի վրա է քայլեցնում։ Գլխավոր երաժշտին՝ իր լարային նվագարաններով։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում