ԱՄԲԱԿՈՒՄ 2:4-20

ԱՄԲԱԿՈՒՄ 2:4-20 ՆՎԱԱ

Տե՛ս, նա գոռոզացել է, նրա հոգին փքված է իր մեջ և ուղիղ չէ, բայց արդարն իր հավատով պիտի ապրի։ Տակավին գինին խաբեբա է, ամբարտավան մարդը հաստատ չի մնա. նա մեռելների աշխարհի պես լայնացրել է իր հոգին և նա մահվան պես չի կշտանում. իր մոտ ժողովեց բոլոր ազգերին և իր մոտ հավաքեց բոլոր ժողովուրդներին։ Մի՞թե սրանք բոլորը նրա դեմ առակ չեն պատմելու և ծաղրական հանելուկներ նրա դեմ չե՞ն ասելու. «Վա՜յ իրենը չեղածը շատացնողին. մինչև ե՞րբ. և իր վրա ծանր գրավներ բեռնողին»։ Մի՞թե հանկարծ վեր չեն կենալու քո վաշխառուները և չեն զարթնելու քեզ դողացնողները. դու ավար ես դառնալու նրանց համար։ Որովհետև դու շատ ազգերի ես կողոպտել, ժողովուրդների բոլոր մնացորդները քեզ պիտի կողոպտեն մարդկանց արյան հանդեպ բռնության պատճառով, նաև՝ երկրի, քաղաքի և նրա մեջ բոլոր բնակվողների։ Վա՜յ իր տան համար չար վաստակ վաստակողին, որպեսզի իր բույնը բարձր տեղ դնի չար ձեռքից ազատվելու համար։ Շատ ազգերի կործանելով՝ անարգանք նյութեցիր քո տան համար և մեղանչեցիր քո կյանքով։ Որովհետև քարը պիտի աղաղակի պատից, և գերանը պատասխան պիտի տա փայտերի միջից։ Վա՜յ ավանը արյունով կառուցողին և քաղաքը անիրավությամբ հաստատողին։ Ահա Զորքերի Տիրոջից չէ՞, որ ժողովուրդները կրակի համար են հոգնում և ժողովուրդները դատարկ տեղն են տանջվում։ Որովհետև երկիրը պիտի լցվի Տիրոջ փառքի գիտությամբ, ինչպես որ ջրերն են ծածկում ծովը։ Վա՜յ նրան, ով իր ընկերոջը խմեցնում է բարկության արբեցնող գինի, որպեսզի վայելի նրա պատվազրկումը։ Դու փառքից ավելի ամոթո՛վ կշտացար, դու ևս խմի՛ր ու մերկացի՛ր, դեպի քեզ պիտի դառնա Տիրոջ աջի բաժակը, և անարգանք պիտի գա քո փառքի վրա։ Որովհետև Լիբանանի հանդեպ բռնությունը պիտի ծածկի քեզ, և գազանների բնաջնջումը պիտի վախեցնի քեզ մարդկանց արյան հանդեպ բռնության պատճառով, նաև՝ երկրի, քաղաքի և նրա մեջ բոլոր բնակվողների։ Ի՞նչ օգուտ ունի կուռքը, որի քանդակողը քանդակել է նրան, ձուլածո կուռքը և ստություն սովորեցնողը, որ քանդակողը վստահում է իր քանդակածին և համր կուռքեր է շինում։ Վա՜յ նրան, որ փայտին ասում է՝ «Զարթնի՛ր», մունջ քարին՝ «Վեր կաց»։ Մի՞թե կարող է ուսուցանել. ահա նա պատված է ոսկով և արծաթով, բայց բնավ հոգի չկա նրա մեջ։ Սակայն Տերն իր սուրբ տաճարում է, լռի՛ր նրա առաջ, ո՛վ համայն երկիր։