ԾՆՆԴՈՑ 7:1-10

ԾՆՆԴՈՑ 7:1-10 ՆՎԱԱ

Եվ Տերն ասաց Նոյին. «Մտի՛ր տապանի մեջ, դու և քո ամբողջ տունը, որովհետև այս դարի մեջ քեզ արդար տեսա իմ առաջ։ Բոլոր մաքուր անասուններից քեզ հետ կվերցնես յոթ-յոթ հատ՝ արու և էգ. իսկ այն անասուններից, որ անմաքուր են, երկու-երկու հատ՝ արու և էգ։ Երկնքի թռչուններից էլ յոթ-յոթ հատ՝ արու և էգ, որպեսզի տեսակը պահպանվի ամբողջ երկրի վրա։ Որովհետև յոթ օրից հետո երկրի վրա քառասուն օր և քառասուն գիշեր անձրև պիտի բերեմ և երկրի երեսից պիտի ջնջեմ իմ ստեղծած ամեն էակ»։ Եվ Նոյն արեց ամենը, ինչ Տերը պատվիրել էր նրան։ Նոյը վեց հարյուր տարեկան էր, երբ ջրհեղեղ եղավ երկրի վրա։ Ջրհեղեղի ջրերի պատճառով տապան մտան Նոյը և իր հետ իր որդիները, իր կինը և իր որդիների կանայք։ Մաքուր անասուններից և այն անասուններից, որ անմաքուր են, թռչուններից և երկրի վրայի բոլոր սողուններից զույգ-զույգ՝ արու և էգ, մտան Նոյի մոտ՝ տապանի մեջ, ինչպես որ Աստված պատվիրել էր Նոյին։ Յոթ օր հետո ջրհեղեղի ջրերը եկան երկրի վրա։