ԾՆՆԴՈՑ 6:1-22

ԾՆՆԴՈՑ 6:1-22 ՆՎԱԱ

Երբ մարդիկ սկսեցին բազմանալ երկրի վրա և աղջիկներ ծնեցին իրենց, Աստծու որդիները, տեսնելով, որ մարդկանց աղջիկները գեղեցիկ են, իրենց հավանածներից կին էին առնում իրենց համար։ Տերն ասաց. «Իմ հոգին թող միշտ չմնա մարդու վրա, որովհետև նա մարմին է, այլ նրա կյանքի օրերը հարյուր քսան տարի լինեն»։ Այն օրերին հսկաներ կային երկրի վրա. երբ Աստծու որդիները մարդկանց աղջիկների մոտ էին մտնում, նրանք որդիներ էին ծնում նրանց համար։ Սրանք այն զորավորներն էին, որ վաղուց անվանի մարդիկ էին։ Տերը տեսավ, որ մարդկանց չարությունը շատացել է երկրի վրա, և նրանց սրտի խորհուրդներն ու բոլոր գաղափարները չար էին մշտապես։ Եվ Տերը զղջաց, որ մարդ է ստեղծել երկրի վրա, և իր սրտի մեջ տրտմեց։ Տերն ասաց. «Երկրի երեսից վերացնելու եմ մարդուն, որին ստեղծեցի, մարդուց մինչև անասունը, մինչև սողունն ու մինչև երկնքի թռչունը, որովհետև զղջում եմ, որ ստեղծել եմ նրանց»։ Բայց Նոյը շնորհ գտավ Տիրոջ առաջ։ Սրանք են Նոյի սերունդները։ Նոյը արդար և կատարյալ մի մարդ էր իր դարում։ Նոյը Աստծու առաջ քայլեց։ Նոյը ծնեց երեք որդի՝ Սեմին, Քամին և Հաբեթին։ Երկիրն ապականվեց Աստծու առաջ. երկիրը լցվեց անօրենությամբ։ Աստված տեսավ, որ երկիրն ապականված է, որովհետև ամեն մարմին երկրի վրա ապականել էր իր ճանապարհը։ Աստված ասաց Նոյին. «Բոլոր մարդկանց վերջը եկել է իմ առաջ, որովհետև երկիրը նրանց պատճառով անիրավությամբ է լցված. ահա ես նրանց կոչնչացնեմ երկրի հետ։ Խժաբեր փայտից մի տապա՛ն շինիր քեզ համար. տապանը շինի՛ր խորշերով և այն ներսից ու դրսից ծեփի՛ր կուպրով։ Եվ կշինես այն այսպես. տապանի երկարությունը՝ երեք հարյուր կանգուն, լայնությունը՝ հիսուն կանգուն, և բարձրությունը՝ երեսուն կանգուն։ Տապանին տանիք կշինես այնպես, որ մի կանգուն լինի։ Տապանի դուռը կողքից կդնես. ներքնահարկով, միջնահարկով և վերնահարկով կշինես այն։ Եվ ես ջրհեղեղ պիտի բերեմ երկրի վրա՝ ոչնչացնելու ամեն մարմին, որի մեջ կենդանության շունչ կա երկնքի տակ. և ինչ որ կա երկրի վրա, կոչնչանա։ Սակայն իմ ուխտը կհաստատեմ քեզ հետ, և տապան կմտնես դու, և քեզ հետ՝ քո որդիները, քո կինը և քո որդիների կանայք։ Բոլոր անասուններից և բոլոր էակներից՝ բոլորից երկու-երկու հատ կբերես տապան, որպեսզի ապրեն քեզ հետ. արու և էգ լինեն։ Ամեն տեսակ թռչուններից, ամեն տեսակ անասուններից, երկրի ամեն տեսակ սողուններից՝ բոլորից երկու-երկու հատ թող գան քեզ մոտ, որպեսզի ապրեն։ Եվ դու վերցրո՛ւ քեզ համար բոլոր ուտելիքներից, որոնցով սնվում են, և քեզ մո՛տ հավաքիր, որպեսզի դրանք քեզ և նրանց համար ուտելիք լինեն»։ Եվ Նոյն արեց ամենը, ինչ Աստված պատվիրել էր նրան. այդպես արեց։