ԾՆՆԴՈՑ 49:1-12

ԾՆՆԴՈՑ 49:1-12 ՆՎԱԱ

Հակոբը կանչեց իր որդիներին և ասաց. «Հավաքվե՛ք, որ ձեզ հայտնեմ, ինչ որ պատահելու է ձեզ գալիք օրերին։ Հավաքվե՛ք և լսե՛ք, ո՛վ Հակոբի որդիներ. լսե՛ք ձեր հորը՝ Իսրայելին։ Ո՛վ Ռուբեն, իմ անդրանի՛կ որդի, դու իմ ուժն ու սկիզբը իմ զորության՝ գերազանց արժանիքով և գերազանց կարողությամբ։ Ջրի պես եռացիր. Գերապատիվ չես լինի, քանզի քո հոր անկողինը բարձրացար Եվ այն պղծեցիր։ Շմավոնն ու Ղևին եղբայրներ են. Բռնության գործիքներ են նրանց սրերը։ Նրանց խորհուրդների մեջ թող չմտնի իմ անձը, նրանց ժողովին չմիանա իմ փառքը, քանզի իրենց բարկությամբ մարդ սպանեցին և իրենց քմահաճույքով ցուլի ջիղ կտրեցին։ Անիծյալ լինի նրանց բարկությունը, քանզի կատաղի էր. անիծյալ լինի ցասումը նրանց, քանզի խիստ էր։ Կբաժանեմ նրանց Հակոբի մեջ Եվ կցրեմ Իսրայելի մեջ։ Ո՛վ Հուդա, քեզ կգովեն քո եղբայրները. ձեռքդ քո թշնամիների պարանոցի վրա թող լինի, երկրպագություն անեն քեզ քո հոր որդիները։ Հուդան առյուծի ձագ է, որդյա՛կ իմ, կողոպուտից ելար. ծալեց ծնկները, պառկեց առյուծի պես, մատակ առյուծի պես. ո՞վ կարթնացնի նրան։ Չի պակասելու իշխանությունը Հուդայից, ոչ էլ օրենսդիրը՝ նրա երանքից, մինչև որ գա Սելովը. և նրա՛ն են հնազանդվում ժողովուրդները։ Նա իր ավանակին որթից կկապի և ազնիվ որթից՝ իր էգ էշի քուռակին. իր պատմուճանը կլվա գինով և իր հանդերձը՝ խաղողի արյամբ։ Գինուց կարմիր կլինեն իր աչքերը, և ատամները՝ կաթից սպիտակ։