Հովսեփը եկավ, պատմեց փարավոնին և ասաց. «Իմ հայրն ու եղբայրները իրենց հոտերով ու արջառներով և իրենց ամբողջ ունեցվածքով եկել են Քանանի երկրից և հիմա Գեսեմի երկրում են»։ Եվ իր եղբայրներից հինգ մարդ վերցրեց և նրանց ներկայացրեց փարավոնին։ Փարավոնն ասաց նրա եղբայրներին. «Ի՞նչ է ձեր գործը»։ Նրանք պատասխանեցին փարավոնին. «Քո ծառաները՝ հովիվներ ենք, թե՛ մենք և թե՛ մեր հայրերը»։ Նաև ասացին փարավոնին. «Եկել ենք այս երկիրը պանդխտության, որովհետև քո ծառաների հոտերի համար արոտ չկա Քանանի երկրում սովի սաստկանալու պատճառով։ Այժմ խնդրում ենք, թող քո ծառաները բնակվեն Գեսեմի երկրում»։ Փարավոնը խոսեց Հովսեփի հետ՝ ասելով. «Քո հայրն ու եղբայրները եկել են քեզ մոտ։ Եգիպտոսի երկիրը քո առջև է. բնակեցրո՛ւ քո հորն ու եղբայրներին երկրի ամենալավ մասում։ Թող բնակվեն Գեսեմի երկրում։ Եթե գիտես, որ նրանց մեջ կան կարող մարդիկ, իմ հոտերի վրա վերակացո՛ւ կարգիր նրանց»։ Հովսեփն իր հայր Հակոբին բերեց ու ներկայացրեց փարավոնին։ Եվ Հակոբն օրհնեց փարավոնին։ Փարավոնը հարցրեց Հակոբին. «Քո կյանքի տարիների օրերն ինչքա՞ն են»։ Հակոբը պատասխանեց փարավոնին. «Իմ պանդխտության տարիների օրերը հարյուր երեսուն տարի են։ Իմ կյանքի տարիների օրերը քիչ և ցավով են եղել ու չեն հասել իմ հայրերի՝ պանդխտության մեջ անցկացրած կյանքի տարիների օրերին»։ Հակոբն օրհնեց փարավոնին ու դուրս եկավ փարավոնի մոտից։ Հովսեփն իր հորն ու եղբայրներին իրենց ունեցվածքով բնակեցրեց Եգիպտոսի երկրի ամենալավ մասում՝ Ռամսեսի երկրում, ինչպես որ հրամայել էր փարավոնը։ Հովսեփը կերակրում էր իր հորն ու եղբայրներին և իր հոր ամբողջ գերդաստանին՝ հաց տալով ընտանիքների կարիքների համեմատ։
Կարդալ ԾՆՆԴՈՑ 47
Կիսվել
Համեմատել տարբերակները: ԾՆՆԴՈՑ 47:1-12
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր