ԾՆՆԴՈՑ 45:2-23

ԾՆՆԴՈՑ 45:2-23 ՆՎԱԱ

Նա բարձրաձայն լաց եղավ, և լսեցին եգիպտացիներն ու փարավոնի ամբողջ տունը։ Հովսեփն ասաց իր եղբայրներին. «Ես Հովսեփն եմ. իմ հայրը դեռ ո՞ղջ է»։ Եղբայրները նրան պատասխան տալ չէին կարողանում, որովհետև ապշած էին մնացել նրա առջև։ Հովսեփն ասաց իր եղբայրներին. «Խնդրեմ մոտեցե՛ք ինձ»։ Նրանք էլ մոտեցան։ Եվ ասաց. «Ես ձեր եղբայր Հովսեփն եմ. դուք ինձ վաճառեցիք Եգիպտոս տարվելու։ Հիմա մի՛ տխրեք ու մի՛ նեղվեք, որ ինձ վաճառեցիք այստեղ բերվելու համար, որովհետև Աստված ինձ ուղարկեց ձեր առջևից՝ ձեր կյանքը պահպանելու համար։ Որովհետև այժմ երկրի վրա սովի երկրորդ տարին է, և տակավին հինգ տարի վարուցանք ու հունձ չի լինելու։ Աստված ուղարկեց ինձ ձեր առջևից, որպեսզի երկրի վրա պահպանի ձեր սերունդը և ձեզ ապրեցնի մեծ ազատությամբ։ Արդ, ոչ թե դուք ուղարկեցիք ինձ այստեղ, այլ՝ Աստված։ Նա ինձ դարձրեց փարավոնի հայր, նրա ողջ տան տեր և Եգիպտոսի ամբողջ երկրի իշխան։ Շտապ գնացե՛ք իմ հոր մոտ և ասացե՛ք նրան, թե քո որդի Հովսեփն այսպես է ասում. “Աստված ամբողջ Եգիպտոսի տեր դարձրեց ինձ. արի իջի՛ր ինձ մոտ, մի՛ ուշացիր։ Դու կբնակվես Գեսեմի երկրում և մոտիկ կլինես ինձ, դու, քո որդիները, քո որդիների որդիները, քո հոտերը, քո արջառները և քո ամբողջ ունեցվածքը։ Ես այնտեղ կկերակրեմ քեզ, որովհետև դեռ հինգ տարի սով է լինելու. միգուցե չքավորություն քաշես դու, քո տունը և քո ամբողջ ունեցածը”։ Ահա ձեր աչքերը և իմ եղբայր Բենիամինի աչքերը տեսնում են, որ իմ բերանով եմ խոսում ձեզ հետ։ Պատմե՛ք իմ հորը Եգիպտոսում իմ ունեցած ամբողջ փառքի, ձեր բոլոր տեսածների մասին և շտապ իմ հորն իջեցրե՛ք այստեղ»։ Եվ իր եղբայր Բենիամինի վզովն ընկավ ու լաց եղավ։ Բենիամինն էլ լաց եղավ՝ նրա վզովն ընկած։ Եվ համբուրեց իր բոլոր եղբայրներին ու նրանց փարվելով՝ լաց եղավ։ Դրանից հետո եղբայրները խոսեցին նրա հետ։ Եվ այս լուրը փարավոնի տանը լսվեց, թե եկել են Հովսեփի եղբայրները. դա հաճելի եղավ փարավոնին և նրա ծառաներին։ Փարավոնն ասաց Հովսեփին. «Ասա՛ քո եղբայրներին. “Այսպե՛ս արեք. բեռնե՛ք ձեր անասունները և գնացե՛ք Քանանի երկիրը։ Վերցրե՛ք ձեր հորն ու ձեր ընտանիքները և եկե՛ք ինձ մոտ։ Ես ձեզ կտամ Եգիպտոսի ամենալավ հողը, և դուք կվայելեք երկրի լիությունը”։ Դու այսպիսի հրաման ունես. “Այսպե՛ս արեք. Եգիպտոսի երկրից կառքե՛ր առեք ձեր երեխաների և ձեր կանանց համար, վերցրե՛ք ձեր հորն ու եկե՛ք։ Ձեր աչքը ձեր կարասիների վրա թող չմնա, որովհետև Եգիպտոսի երկրի ամբողջ բարիքը ձերն է”»։ Իսրայելի որդիներն այդպես էլ արեցին. Հովսեփը, ըստ փարավոնի հրամանի, կառքեր տվեց նրանց և պաշար՝ ճանապարհի համար։ Նա յուրաքանչյուրին տվեց նոր հագուստ, իսկ Բենիամինին՝ երեք հարյուր կտոր արծաթ և հինգ ձեռք նոր հագուստ։ Նա իր հոր համար ուղարկեց այս բաները. տասը էշ՝ Եգիպտոսի բարիքներով բեռնված, և տասը էգ էշ՝ բեռնված ցորենով, հացով և ուտելիքներով՝ իր հոր ճանապարհորդության համար։

ԾՆՆԴՈՑ 45:2-23 հետ կապված անվճար Ընթերցանության ծրագրեր և Շինության խոսքեր