ԾՆՆԴՈՑ 43:15-28

ԾՆՆԴՈՑ 43:15-28 ՆՎԱԱ

Եվ մարդիկ վերցրին այդ նվերները և իրենց հետ կրկնակի փող վերցրին, նաև Բենիամինին, վեր կացան իջան Եգիպտոս և ներկայացան Հովսեփին։ Երբ Հովսեփը Բենիամինին տեսավ նրանց հետ, ասաց իր տան վերակացուին. «Այս մարդկանց տո՛ւն տար, և ինչ մորթվելու է, մորթի՛ր ու պատրաստի՛ր, որովհետև այս մարդիկ կեսօրին ինձ հետ են ճաշելու»։ Այդ մարդն արեց Հովսեփի ասածի պես և այդ մարդկանց տարավ Հովսեփի տունը։ Նրանք վախեցան, երբ տարվեցին Հովսեփի տունը, և ասացին. «Անցած անգամ մեր պարկերի մեջ դրված փողի համար ենք տարվում, որպեսզի հարձակվեն մեզ վրա, խուզարկեն մեզ, ստրուկներ դարձնեն և տիրանան մեր էշերին»։ Նրանք մոտեցան Հովսեփի տան վերակացուին և տան դռան մոտ խոսեցին նրա հետ և ասացին. «Օ՜, տե՛ր, սրանից առաջ մենք եկել էինք ուտելիք գնելու, և երբ իջևան հասանք ու բաց արեցինք մեր պարկերը, տեսանք, որ ամեն մեկիս փողը իր պարկի բերանին էր, մեր փողը՝ ըստ իր կշռի. մենք այդ փողը ետ ենք բերել մեր ձեռքով։ Մենք բերել ենք նաև ուրիշ փող, որպեսզի ուտելիք գնենք. չգիտենք, թե ո՛վ է դրել մեր փողը մեր պարկերի մեջ»։ Եվ նա ասաց. «Հանգի՛ստ եղեք, մի՛ վախեցեք. ձեր Աստվածը և ձեր հոր Աստվածը ձեզ գանձ է տվել ձեր պարկերում. ես ստացել եմ ձեր փողը»։ Եվ Շմավոնին դուրս հանեց նրանց մոտ։ Այդ մարդը նրանց տարավ Հովսեփի տունը, ջուր տվեց, և լվացին իրենց ոտքերը։ Եվ կեր տվեց նրանց էշերին։ Նրանք պատրաստեցին նվերները մինչև կեսօրին Հովսեփի գալը, որովհետև իմացել էին, որ այնտեղ էին հաց ուտելու։ Երբ Հովսեփը տուն եկավ, նրանք իրենց ձեռքերի նվերները տանը մատուցեցին նրան և մինչև գետին խոնարհություն արեցին նրան։ Հովսեփը հարցրեց նրանց առողջության մասին, ապա ասաց. «Ձեր այն ծեր հայրը, որի մասին խոսել էիք, դեռ ո՞ղջ է»։ Նրանք պատասխանեցին. «Մեր հայրը՝ քո ծառան, ողջ-առողջ է, տակավին ողջ է»։ Եվ ծնկի եկան ու խոնարհվեցին նրան։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում