ԾՆՆԴՈՑ 43:1-34

ԾՆՆԴՈՑ 43:1-34 ՆՎԱԱ

Սովը սաստկացավ երկրի վրա։ Երբ Եգիպտոսից բերված պաշարը կերան վերջացրին, նրանց հայրն ասաց նրանց. «Գնացե՛ք, դարձյալ մի քիչ ուտելի՛ք գնեք մեզ համար»։ Հուդան խոսեց նրա հետ՝ ասելով. «Այն մարդը վճռականորեն ասաց. “Իմ երեսը չտեսնեք, եթե ձեր եղբայրը ձեզ հետ չլինի”։ Եթե մեր եղբորն ուղարկես մեզ հետ, կիջնենք և քեզ համար ուտելիք կգնենք։ Իսկ եթե չուղարկես, չենք իջնի, որովհետև այն մարդն ասաց մեզ. “Իմ երեսը չտեսնեք, եթե ձեր եղբայրը ձեզ հետ չլինի”»։ Իսրայելն ասաց. «Ինչո՞ւ իմ հանդեպ չարություն արեցիք՝ այդ մարդուն իմացնելով, որ ուրիշ եղբայր ունեք»։ Նրանք ասացին. «Այդ մարդը հարցուփորձ արեց մեր և մեր ազգականների մասին՝ ասելով. “Ձեր հայրը ո՞ղջ է, ուրիշ եղբայր ունե՞ք”. և մենք ըստ այս հարցերի պատասխանեցինք նրան։ Մի՞թե մենք կարող էինք իմանալ, թե նա կասի՝ “Բերե՛ք ձեր եղբորը”»։ Հուդան ասաց իր հորը՝ Իսրայելին. «Տղային ուղարկի՛ր ինձ հետ, և վեր կենանք գնանք, որպեսզի մենք էլ, դու էլ, մեր երեխաներն էլ ողջ մնանք ու չմեռնենք։ Ես երաշխավոր կլինեմ նրա համար. ինձնի՛ց պահանջիր նրան։ Եթե նրան քեզ մոտ չբերեմ և քո առաջ չկանգնեցնեմ, թող հավիտյան հանցավոր լինեմ քո հանդեպ։ Որովհետև եթե չհապաղեինք, հիմա երկրորդ անգամ վերադարձած կլինեինք»։ Իրենց հայր Իսրայելն ասաց նրանց. «Եթե այդպես է, հիմա այսպե՛ս արեք. վերցրե՛ք ձեր տոպրակների մեջ այս երկրի լավագույն բարիքներից և այդ մարդու համար նվե՛ր տարեք. մի քիչ բալասան, մի քիչ մեղր, համեմունք, զմուռս, պիստակ և նուշ։ Վերցրե՛ք ձեզ հետ կրկնակի փող և ե՛տ տարեք ձեր պարկերի բերանին դրված փողը. գուցե դա սխալմունք է եղել։ Վերցրե՛ք նաև ձեր եղբորը և ելեք դարձյալ գնացե՛ք այդ մարդու մոտ։ Ամենակարող Աստված ձեզ շնորհ տա այդ մարդու առաջ, և նա արձակի ձեզ հետ ձեր մյուս եղբորն ու Բենիամինին։ Եվ եթե ես անզավակ եմ մնալու, թող անզավակ մնամ»։ Եվ մարդիկ վերցրին այդ նվերները և իրենց հետ կրկնակի փող վերցրին, նաև Բենիամինին, վեր կացան իջան Եգիպտոս և ներկայացան Հովսեփին։ Երբ Հովսեփը Բենիամինին տեսավ նրանց հետ, ասաց իր տան վերակացուին. «Այս մարդկանց տո՛ւն տար, և ինչ մորթվելու է, մորթի՛ր ու պատրաստի՛ր, որովհետև այս մարդիկ կեսօրին ինձ հետ են ճաշելու»։ Այդ մարդն արեց Հովսեփի ասածի պես և այդ մարդկանց տարավ Հովսեփի տունը։ Նրանք վախեցան, երբ տարվեցին Հովսեփի տունը, և ասացին. «Անցած անգամ մեր պարկերի մեջ դրված փողի համար ենք տարվում, որպեսզի հարձակվեն մեզ վրա, խուզարկեն մեզ, ստրուկներ դարձնեն և տիրանան մեր էշերին»։ Նրանք մոտեցան Հովսեփի տան վերակացուին և տան դռան մոտ խոսեցին նրա հետ և ասացին. «Օ՜, տե՛ր, սրանից առաջ մենք եկել էինք ուտելիք գնելու, և երբ իջևան հասանք ու բաց արեցինք մեր պարկերը, տեսանք, որ ամեն մեկիս փողը իր պարկի բերանին էր, մեր փողը՝ ըստ իր կշռի. մենք այդ փողը ետ ենք բերել մեր ձեռքով։ Մենք բերել ենք նաև ուրիշ փող, որպեսզի ուտելիք գնենք. չգիտենք, թե ո՛վ է դրել մեր փողը մեր պարկերի մեջ»։ Եվ նա ասաց. «Հանգի՛ստ եղեք, մի՛ վախեցեք. ձեր Աստվածը և ձեր հոր Աստվածը ձեզ գանձ է տվել ձեր պարկերում. ես ստացել եմ ձեր փողը»։ Եվ Շմավոնին դուրս հանեց նրանց մոտ։ Այդ մարդը նրանց տարավ Հովսեփի տունը, ջուր տվեց, և լվացին իրենց ոտքերը։ Եվ կեր տվեց նրանց էշերին։ Նրանք պատրաստեցին նվերները մինչև կեսօրին Հովսեփի գալը, որովհետև իմացել էին, որ այնտեղ էին հաց ուտելու։ Երբ Հովսեփը տուն եկավ, նրանք իրենց ձեռքերի նվերները տանը մատուցեցին նրան և մինչև գետին խոնարհություն արեցին նրան։ Հովսեփը հարցրեց նրանց առողջության մասին, ապա ասաց. «Ձեր այն ծեր հայրը, որի մասին խոսել էիք, դեռ ո՞ղջ է»։ Նրանք պատասխանեցին. «Մեր հայրը՝ քո ծառան, ողջ-առողջ է, տակավին ողջ է»։ Եվ ծնկի եկան ու խոնարհվեցին նրան։ Հովսեփը բարձրացրեց իր աչքերը և տեսնելով Բենիամինին՝ իր մոր որդուն՝ իր եղբորը, ասաց. «Սա՞ է ձեր կրտսեր եղբայրը, որի մասին խոսել էիք ինձ հետ»։ Եվ ասաց Բենիամինին. «Աստված ողորմի քեզ, որդյա՛կ իմ»։ Հովսեփն արագ դուրս ելավ, որովհետև նրա սիրտը ճմլվում էր իր եղբոր համար, և տեղ էր փնտրում, որ լաց լինի։ Եվ ներքնասենյակ մտավ ու այնտեղ լաց եղավ։ Հետո լվաց իր երեսը, դուրս եկավ և զսպելով իրեն՝ ասաց. «Ճա՛շ բերեք»։ Հովսեփին առանձին մատուցեցին, նրանց՝ առանձին, և այն եգիպտացիներին, որոնք ուտում էին իր հետ, առանձին, որովհետև եգիպտացիները եբրայեցիների հետ ճաշ չէին կարողանում ուտել, քանի որ եգիպտացիների համար նրանք պիղծ էին համարվում։ Եվ նստեցին նրա առաջ. անդրանիկը՝ ըստ իր անդրանիկության, իսկ կրտսերը՝ ըստ իր կրտսերության։ Եվ մարդիկ, իրար նայելով, զարմանում էին։ Հովսեփն իր առջևից բաժիններ ուղարկեց նրանց համար, բայց Բենիամինի բաժինը հինգ անգամ ավելի էր մյուսների բաժնից։ Խմեցին և նրա հետ միասին զվարճացան։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում