ԾՆՆԴՈՑ 43
43
Բենիամինը տարվում է Եգիպտոս
1Սովը սաստկացավ երկրի վրա։ 2Երբ Եգիպտոսից բերված պաշարը կերան վերջացրին, նրանց հայրն ասաց նրանց. «Գնացե՛ք, դարձյալ մի քիչ ուտելի՛ք գնեք մեզ համար»։ 3Հուդան խոսեց նրա հետ՝ ասելով. «Այն մարդը վճռականորեն ասաց. “Իմ երեսը չտեսնեք, եթե ձեր եղբայրը ձեզ հետ չլինի”։ 4Եթե մեր եղբորն ուղարկես մեզ հետ, կիջնենք և քեզ համար ուտելիք կգնենք։ 5Իսկ եթե չուղարկես, չենք իջնի, որովհետև այն մարդն ասաց մեզ. “Իմ երեսը չտեսնեք, եթե ձեր եղբայրը ձեզ հետ չլինի”»։ 6Իսրայելն ասաց. «Ինչո՞ւ իմ հանդեպ չարություն արեցիք՝ այդ մարդուն իմացնելով, որ ուրիշ եղբայր ունեք»։ 7Նրանք ասացին. «Այդ մարդը հարցուփորձ արեց մեր և մեր ազգականների մասին՝ ասելով. “Ձեր հայրը ո՞ղջ է, ուրիշ եղբայր ունե՞ք”. և մենք ըստ այս հարցերի պատասխանեցինք նրան։ Մի՞թե մենք կարող էինք իմանալ, թե նա կասի՝ “Բերե՛ք ձեր եղբորը”»։ 8Հուդան ասաց իր հորը՝ Իսրայելին. «Տղային ուղարկի՛ր ինձ հետ, և վեր կենանք գնանք, որպեսզի մենք էլ, դու էլ, մեր երեխաներն էլ ողջ մնանք ու չմեռնենք։ 9Ես երաշխավոր կլինեմ նրա համար. ինձնի՛ց պահանջիր նրան։ Եթե նրան քեզ մոտ չբերեմ և քո առաջ չկանգնեցնեմ, թող հավիտյան հանցավոր լինեմ քո հանդեպ։ 10Որովհետև եթե չհապաղեինք, հիմա երկրորդ անգամ վերադարձած կլինեինք»։ 11Իրենց հայր Իսրայելն ասաց նրանց. «Եթե այդպես է, հիմա այսպե՛ս արեք. վերցրե՛ք ձեր տոպրակների մեջ այս երկրի լավագույն բարիքներից և այդ մարդու համար նվե՛ր տարեք. մի քիչ բալասան, մի քիչ մեղր, համեմունք, զմուռս, պիստակ և նուշ։ 12Վերցրե՛ք ձեզ հետ կրկնակի փող և ե՛տ տարեք ձեր պարկերի բերանին դրված փողը. գուցե դա սխալմունք է եղել։ 13Վերցրե՛ք նաև ձեր եղբորը և ելեք դարձյալ գնացե՛ք այդ մարդու մոտ։ 14Ամենակարող Աստված ձեզ շնորհ տա այդ մարդու առաջ, և նա արձակի ձեզ հետ ձեր մյուս եղբորն ու Բենիամինին։ Եվ եթե ես անզավակ եմ մնալու, թող անզավակ մնամ»։
15Եվ մարդիկ վերցրին այդ նվերները և իրենց հետ կրկնակի փող վերցրին, նաև Բենիամինին, վեր կացան իջան Եգիպտոս և ներկայացան Հովսեփին։ 16Երբ Հովսեփը Բենիամինին տեսավ նրանց հետ, ասաց իր տան վերակացուին. «Այս մարդկանց տո՛ւն տար, և ինչ մորթվելու է, մորթի՛ր ու պատրաստի՛ր, որովհետև այս մարդիկ կեսօրին ինձ հետ են ճաշելու»։ 17Այդ մարդն արեց Հովսեփի ասածի պես և այդ մարդկանց տարավ Հովսեփի տունը։ 18Նրանք վախեցան, երբ տարվեցին Հովսեփի տունը, և ասացին. «Անցած անգամ մեր պարկերի մեջ դրված փողի համար ենք տարվում, որպեսզի հարձակվեն մեզ վրա, խուզարկեն մեզ, ստրուկներ դարձնեն և տիրանան մեր էշերին»։ 19Նրանք մոտեցան Հովսեփի տան վերակացուին և տան դռան մոտ խոսեցին նրա հետ 20և ասացին. «Օ՜, տե՛ր, սրանից առաջ մենք եկել էինք ուտելիք գնելու, 21և երբ իջևան հասանք ու բաց արեցինք մեր պարկերը, տեսանք, որ ամեն մեկիս փողը իր պարկի բերանին էր, մեր փողը՝ ըստ իր կշռի. մենք այդ փողը ետ ենք բերել մեր ձեռքով։ 22Մենք բերել ենք նաև ուրիշ փող, որպեսզի ուտելիք գնենք. չգիտենք, թե ո՛վ է դրել մեր փողը մեր պարկերի մեջ»։ 23Եվ նա ասաց. «Հանգի՛ստ եղեք, մի՛ վախեցեք. ձեր Աստվածը և ձեր հոր Աստվածը ձեզ գանձ է տվել ձեր պարկերում. ես ստացել եմ ձեր փողը»։ Եվ Շմավոնին դուրս հանեց նրանց մոտ։
24Այդ մարդը նրանց տարավ Հովսեփի տունը, ջուր տվեց, և լվացին իրենց ոտքերը։ Եվ կեր տվեց նրանց էշերին։ 25Նրանք պատրաստեցին նվերները մինչև կեսօրին Հովսեփի գալը, որովհետև իմացել էին, որ այնտեղ էին հաց ուտելու։ 26Երբ Հովսեփը տուն եկավ, նրանք իրենց ձեռքերի նվերները տանը մատուցեցին նրան և մինչև գետին խոնարհություն արեցին նրան։ 27Հովսեփը հարցրեց նրանց առողջության մասին, ապա ասաց. «Ձեր այն ծեր հայրը, որի մասին խոսել էիք, դեռ ո՞ղջ է»։ 28Նրանք պատասխանեցին. «Մեր հայրը՝ քո ծառան, ողջ-առողջ է, տակավին ողջ է»։ Եվ ծնկի եկան ու խոնարհվեցին նրան։ 29Հովսեփը բարձրացրեց իր աչքերը և տեսնելով Բենիամինին՝ իր մոր որդուն՝ իր եղբորը, ասաց. «Սա՞ է ձեր կրտսեր եղբայրը, որի մասին խոսել էիք ինձ հետ»։ Եվ ասաց Բենիամինին. «Աստված ողորմի քեզ, որդյա՛կ իմ»։ 30Հովսեփն արագ դուրս ելավ, որովհետև նրա սիրտը ճմլվում էր իր եղբոր համար, և տեղ էր փնտրում, որ լաց լինի։ Եվ ներքնասենյակ մտավ ու այնտեղ լաց եղավ։ 31Հետո լվաց իր երեսը, դուրս եկավ և զսպելով իրեն՝ ասաց. «Ճա՛շ բերեք»։ 32Հովսեփին առանձին մատուցեցին, նրանց՝ առանձին, և այն եգիպտացիներին, որոնք ուտում էին իր հետ, առանձին, որովհետև եգիպտացիները եբրայեցիների հետ ճաշ չէին կարողանում ուտել, քանի որ եգիպտացիների համար նրանք պիղծ էին համարվում։ 33Եվ նստեցին նրա առաջ. անդրանիկը՝ ըստ իր անդրանիկության, իսկ կրտսերը՝ ըստ իր կրտսերության։ Եվ մարդիկ, իրար նայելով, զարմանում էին։ 34Հովսեփն իր առջևից բաժիններ ուղարկեց նրանց համար, բայց Բենիամինի բաժինը հինգ անգամ ավելի էր մյուսների բաժնից։ Խմեցին և նրա հետ միասին զվարճացան։
Արդեն Ընտրված.
ԾՆՆԴՈՑ 43: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018