ԾՆՆԴՈՑ 42:9-38

ԾՆՆԴՈՑ 42:9-38 ՆՎԱԱ

Հովսեփը հիշեց նրանց վրա տեսած իր երազները և ասաց նրանց. «Դուք լրտեսներ եք, եկել եք երկրի թույլ կողմերը հետախուզելու»։ Եվ ասացին նրան. «Ո՛չ, տե՛ր իմ, քո ծառաները եկել են ուտելիք գնելու։ Մենք ամենքս մեկ մարդու որդիներ ենք, մենք ազնիվ ենք, քո ծառաները լրտեսներ չեն»։ Եվ Հովսեփն ասաց նրանց. «Ո՛չ, դուք եկել եք երկրի թույլ կողմերը հետախուզելու»։ Նրանք ասացին. «Մենք՝ քո ծառաները, տասներկու եղբայրներ ենք, Քանանի երկրում մեկ մարդու որդիներ. ահա մեր կրտսերն այսօր մեր հոր մոտ է, իսկ մեկը չկա»։ Հովսեփն ասաց նրանց. «Հենց այս խոսեցի ձեզ հետ՝ ասելով, թե դուք լրտեսներ եք։ Սրանով պետք է փորձվեք. փարավոնի կյանքը վկա, որ դուք դուրս չեք ելնի այստեղից, եթե ձեր կրտսեր եղբայրն այստեղ չգա։ Ձեզնից մեկին ուղարկե՛ք, որ բերի ձեր եղբորը, իսկ դուք կբանտարկվեք, որ փորձվեն ձեր խոսքերը, թե արդյոք ձեր ասածների մեջ ճշմարտություն կա՞. եթե ոչ, փարավոնի կյանքը վկա, որ դուք լրտեսներ եք»։ Եվ երեք օր բանտարկեց նրանց։ Երրորդ օրը Հովսեփն ասաց նրանց. «Արե՛ք այս, որ ողջ մնաք. ես Աստծուց վախեցող մարդ եմ. եթե դուք ազնիվ եք, թող ձեր եղբայրներից մեկն արգելափակված մնա ձեր բանտարկված տան մեջ, իսկ դուք գնացե՛ք, ցորե՛ն տարեք ձեր սովահար ընտանիքների համար։ Եվ ձեր կրտսեր եղբորն ինձ մո՛տ բերեք, որպեսզի ձեր խոսքերի ճշմարտությունը հաստատվի, և չմեռնեք»։ Այդպես էլ արեցին։ Նրանք ասում էին միմյանց. «Իրոք, մենք հանցավոր ենք մեր եղբոր հանդեպ, որովհետև տեսանք նրա հոգու տագնապը, երբ նա աղաչում էր մեզ, բայց չլսեցինք։ Դրա համար էլ մեր գլխին է գալիս այս նեղությունը»։ Ռուբենը պատասխանեց նրանց և ասաց. «Ես չէի՞ ասում, թե՝ “Այդ տղայի դեմ մեղք մի՛ գործեք”, իսկ դուք չլսեցիք։ Եվ ահա հիմա նրա արյունն է պահանջվում»։ Բայց նրանք չգիտեին, որ Հովսեփը հասկանում էր, որովհետև նա թարգմանչի միջոցով էր խոսում իրենց հետ։ Եվ Հովսեփը, առանձնանալով նրանցից, լաց եղավ։ Ու վերադարձավ նրանց մոտ և խոսեց նրանց հետ։ Ապա նրանց միջից վերցնելով Շմավոնին՝ նրանց աչքի առաջ կապեց նրան։ Հովսեփը հրամայեց, որ նրանց պարկերը լցնեն ցորենով, ամեն մեկի փողը դնեն իր քսակի մեջ և նրանց պաշար տան ճանապարհի համար։ Այդպես էլ արվեց նրանց։ Նրանք, իրենց ցորենը բարձելով իրենց էշերի վրա, մեկնեցին այնտեղից։ Նրանցից մեկը իջևանում բաց արեց իր պարկը՝ կեր տալու համար իր էշին, և տեսավ, որ իր փողը դրված է իր պարկի բերանին։ Եվ ասաց իր եղբայրներին. «Իմ փողը վերադարձվել է, ահա այստեղ՝ իմ պարկի մեջ է»։ Նրանց սիրտը խռովվեց, և վախենալով ասացին միմյանց. «Աստված այս ի՞նչ արեց մեզ»։ Ու եկան Քանանի երկիրը՝ իրենց հոր՝ Հակոբի մոտ, և պատմեցին նրան այն ամենը, ինչ պատահել էր իրենց հետ, և ասացին. «Այն մարդը, որ այդ երկրի տերն էր, խստությամբ խոսեց մեզ հետ և մեզ դրեց իր երկիրը լրտեսողների տեղ։ Նրան ասացինք. “Մենք ազնիվ ենք, լրտեսներ չենք։ Մենք տասներկու եղբայրներ ենք՝ մեր հոր որդիները. մեզնից մեկը չկա, իսկ կրտսերն այսօր մեր հոր մոտ է՝ Քանանի երկրում”։ Այդ երկրի տերը եղող մարդը մեզ ասաց. “Սրանով կիմանամ, թե դուք ազնիվ եք. ձեր եղբայրներից մեկին թողե՛ք ինձ մոտ, ձեր ընտանիքի համար ցորե՛ն վերցրեք և գնացե՛ք։ Եվ ձեր կրտսեր եղբորն ինձ մո՛տ բերեք, որպեսզի գիտենամ, թե դուք լրտեսներ չեք, այլ ազնիվ եք. ձեր եղբորն էլ կվերադարձնեմ ձեզ, և այս երկրում առևտուր կանեք”»։ Երբ նրանք դատարկեցին իրենց պարկերը, ամեն մեկի փողի քսակն իր պարկում էր։ Իրենք և իրենց հայրը տեսան փողի քսակները և վախեցան։ Նրանց հայրը՝ Հակոբը, ասաց նրանց. «Ինձ անզավակ թողեցիք. Հովսեփը չկա, Շմավոնը չկա, Բենիամինին էլ եք վերցնում։ Այս բոլորը ինձ վրա է գալիս»։ Ռուբենը խոսեց իր հոր հետ և ասաց. «Իմ երկու որդիներին սպանի՛ր, եթե ես նրան քեզ մոտ չբերեմ. հանձնի՛ր նրան իմ ձեռքը, և ես նրան կվերադարձնեմ քեզ»։ Բայց Հակոբն ասաց. «Իմ որդին ձեզ հետ չի իջնի, որովհետև նրա եղբայրը մեռած է, և նա մնացել է մենակ։ Եթե նրան մի փորձանք պատահի ձեր գնացած ճանապարհին, ապա իմ սպիտակ մազերը տրտմությամբ գերեզման կիջեցնեք»։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում