Եվ մատռվակապետը խոսեց փարավոնի հետ՝ ասելով. «Ես այսօր հիշում եմ իմ հանցանքները։ Փարավոնը բարկացել էր իր ծառաների վրա և ինձ ու հացագործապետին դրել էր դահճապետի տան բանտը։ Ես ու նա նույն գիշերը երազ տեսանք. մեզանից ամեն մեկն իր երազը՝ առանձին նշանակությամբ։ Այնտեղ մեզ հետ եբրայեցի մի պատանի կար՝ դահճապետի ծառան։ Մենք պատմեցինք նրան, և նա մեկնեց մեզ մեր երազները՝ ամեն մեկիս տալով իր երազի մեկնությունը։ Եվ ինչպես որ նա մեկնել էր, այնպես էլ կատարվեց։ Նա ինձ իմ պաշտոնին վերադարձրեց, իսկ նրան կախել տվեց»։
Փարավոնը մարդ ուղարկեց և կանչեց Հովսեփին։ Շուտով նրան հանեցին բանտից։ Նա ածիլվեց, փոխեց իր հանդերձները և եկավ փարավոնի մոտ։ Փարավոնն ասաց Հովսեփին. «Երազ եմ տեսել, և չկա մեկը, որ մեկնի այն։ Ես լսել եմ քո մասին. ասում են, որ դու կարող ես երազներ մեկնել»։ Հովսեփը պատասխանեց փարավոնին և ասաց. «Ոչ թե ես, այլ Աստված նպաստավոր պատասխան կտա փարավոնին»։
Փարավոնն ասաց Հովսեփին. «Երազումս ահա կանգնել էի գետի եզերքին։ Եվ ահա գետից դուրս ելան պարարտ տեսքով ու գեղեցիկ յոթ երինջներ, որոնք արածում էին եղեգների մեջ։ Եվ ահա դրանց ետևից դուրս ելան նիհար, շատ զազրելի տեսքով ու վտիտ մարմնով ուրիշ յոթ երինջներ, որոնց պես զազրելի չեմ տեսել Եգիպտոսի ամբողջ երկրում։ Այդ նիհար ու զազրելի երինջները կերան առաջին յոթ պարարտ երինջներին։ Եվ նրանց փորը գնացին, բայց չէր իմացվում, որ նրանք գնացել են նրանց փորը. նրանց տեսքն առաջվա պես զազրելի էր։ Հետո զարթնեցի։ Դարձյալ երազում տեսա, որ մեկ ցողունից դուրս էին գալիս յոթ ուռճացած և լավ հասկեր։ Եվ ահա դրանց ետևից բուսնեցին յոթ չոր, նիհար ու խորշակահար հասկեր։ Այդ նիհար հասկերը կուլ տվեցին այն յոթ լավ հասկերին։ Ես պատմեցի մոգերին, բայց չկա մեկը, որ մեկնի ինձ»։
Հովսեփն ասաց փարավոնին. «Փարավոնի երազը մեկ է. Աստված իր անելիքը հայտնել է փարավոնին։ Այն յոթ լավ երինջները յոթ տարի են, և այն յոթ լավ հասկերը յոթ տարի են. երազը մեկ է։ Այն յոթ վտիտ ու զազրելի երինջները, որ դրանցից հետո դուրս ելան, յոթ տարի են, իսկ այն յոթ դատարկ ու խորշակահար հասկերը յոթ տարի սով են նշանակում։ Փարավոնին ասած իմ խոսքն այն է, որ Աստված ցույց է տվել փարավոնին, թե ինչ է անելու։ Ահա Եգիպտոսի ամբողջ երկրում յոթ տարի մեծ առատություն կլինի։ Դրանից հետո կգան սովի յոթ տարիներ, և Եգիպտոսի երկրում կմոռացվի այդ ամբողջ առատությունը, և սովը կսպառի երկիրը, և չի իմացվի երկրում առատությունն այն սովի պատճառով, որ դրանից հետո կգա, որովհետև սովը շատ սաստիկ կլինի։ Փարավոնի երազի երկու անգամ կրկնվելու պատճառն այն է, որ այս բանը Աստծու կողմից հաստատված է, և Աստված շուտով կատարելու է այն։ Թող փարավոնն այժմ հանճարեղ և իմաստուն մարդ գտնի և նրան նշանակի Եգիպտոսի երկրի վրա։ Թող փարավոնն այսպես անի. երկրի վրա գործակալներ նշանակի, որպեսզի Եգիպտոսի երկրի առատության յոթ տարիներին վերցվի բերքի մեկ հինգերորդ մասը։ Եվ թող հավաքեն գալիք այդ լավ տարիների ամբողջ պաշարը, փարավոնի ձեռքի տակ ցորեն դիզեն և քաղաքներում պաշար պահեն։ Այդ պարենը պաշար կլինի երկրի համար այն յոթ տարիների սովի դեմ, որ լինելու է Եգիպտոսի երկրում, որպեսզի երկիրը սովից չկորչի»։