ԾՆՆԴՈՑ 41:17-40

ԾՆՆԴՈՑ 41:17-40 ՆՎԱԱ

Փարավոնն ասաց Հովսեփին. «Երազումս ահա կանգնել էի գետի եզերքին։ Եվ ահա գետից դուրս ելան պարարտ տեսքով ու գեղեցիկ յոթ երինջներ, որոնք արածում էին եղեգների մեջ։ Եվ ահա դրանց ետևից դուրս ելան նիհար, շատ զազրելի տեսքով ու վտիտ մարմնով ուրիշ յոթ երինջներ, որոնց պես զազրելի չեմ տեսել Եգիպտոսի ամբողջ երկրում։ Այդ նիհար ու զազրելի երինջները կերան առաջին յոթ պարարտ երինջներին։ Եվ նրանց փորը գնացին, բայց չէր իմացվում, որ նրանք գնացել են նրանց փորը. նրանց տեսքն առաջվա պես զազրելի էր։ Հետո զարթնեցի։ Դարձյալ երազում տեսա, որ մեկ ցողունից դուրս էին գալիս յոթ ուռճացած և լավ հասկեր։ Եվ ահա դրանց ետևից բուսնեցին յոթ չոր, նիհար ու խորշակահար հասկեր։ Այդ նիհար հասկերը կուլ տվեցին այն յոթ լավ հասկերին։ Ես պատմեցի մոգերին, բայց չկա մեկը, որ մեկնի ինձ»։ Հովսեփն ասաց փարավոնին. «Փարավոնի երազը մեկ է. Աստված իր անելիքը հայտնել է փարավոնին։ Այն յոթ լավ երինջները յոթ տարի են, և այն յոթ լավ հասկերը յոթ տարի են. երազը մեկ է։ Այն յոթ վտիտ ու զազրելի երինջները, որ դրանցից հետո դուրս ելան, յոթ տարի են, իսկ այն յոթ դատարկ ու խորշակահար հասկերը յոթ տարի սով են նշանակում։ Փարավոնին ասած իմ խոսքն այն է, որ Աստված ցույց է տվել փարավոնին, թե ինչ է անելու։ Ահա Եգիպտոսի ամբողջ երկրում յոթ տարի մեծ առատություն կլինի։ Դրանից հետո կգան սովի յոթ տարիներ, և Եգիպտոսի երկրում կմոռացվի այդ ամբողջ առատությունը, և սովը կսպառի երկիրը, և չի իմացվի երկրում առատությունն այն սովի պատճառով, որ դրանից հետո կգա, որովհետև սովը շատ սաստիկ կլինի։ Փարավոնի երազի երկու անգամ կրկնվելու պատճառն այն է, որ այս բանը Աստծու կողմից հաստատված է, և Աստված շուտով կատարելու է այն։ Թող փարավոնն այժմ հանճարեղ և իմաստուն մարդ գտնի և նրան նշանակի Եգիպտոսի երկրի վրա։ Թող փարավոնն այսպես անի. երկրի վրա գործակալներ նշանակի, որպեսզի Եգիպտոսի երկրի առատության յոթ տարիներին վերցվի բերքի մեկ հինգերորդ մասը։ Եվ թող հավաքեն գալիք այդ լավ տարիների ամբողջ պաշարը, փարավոնի ձեռքի տակ ցորեն դիզեն և քաղաքներում պաշար պահեն։ Այդ պարենը պաշար կլինի երկրի համար այն յոթ տարիների սովի դեմ, որ լինելու է Եգիպտոսի երկրում, որպեսզի երկիրը սովից չկորչի»։ Այս խոսքը հաճելի թվաց փարավոնին և նրա բոլոր ծառաներին։ Փարավոնն ասաց իր ծառաներին. «Կարո՞ղ ենք գտնել այսպիսի մի մարդ, որի մեջ լինի Աստծու Հոգին»։ Եվ փարավոնն ասաց Հովսեփին. «Քանի որ Աստված քեզ իմացրել է այս ամենը, ապա քեզ նման հանճարեղ և իմաստուն չկա։ Դու իմ տան վրա՛ եղիր, և իմ ամբողջ ժողովուրդը թող հնազանդվի քո խոսքին։ Ես միայն գահով քեզնից մեծ կլինեմ»։

ԾՆՆԴՈՑ 41:17-40 հետ կապված անվճար Ընթերցանության ծրագրեր և Շինության խոսքեր