ԾՆՆԴՈՑ 41:1-16

ԾՆՆԴՈՑ 41:1-16 ՆՎԱԱ

Երկու տարի հետո փարավոնը երազ տեսավ. ահա նա կանգնել էր գետի եզերքին։ Եվ ահա գետից դուրս ելան գեղեցիկ տեսքով ու պարարտ մարմնով յոթ երինջներ և արածում էին եղեգների մեջ։ Եվ ահա դրանց ետևից գետից դուրս ելան ուրիշ յոթ երինջներ՝ տեսքով զազրելի և մարմնով վտիտ, ու կանգնեցին մյուս երինջների մոտ՝ գետի եզերքին։ Եվ զազրելի տեսքով ու վտիտ մարմնով երինջները կերան տեսքով գեղեցիկ ու պարարտ այն յոթ երինջներին։ Եվ փարավոնը զարթնեց։ Նա նորից քնեց և երկրորդ անգամ երազ տեսավ։ Ահա մեկ ցողունից դուրս էին գալիս յոթ լեցուն և լավ հասկեր։ Եվ նրանց ետևից բուսնեցին յոթ վտիտ ու խորշակահար հասկեր։ Այդ վտիտ հասկերը կուլ տվեցին ուռճացած և լեցուն մյուս յոթ հասկերին։ Փարավոնը զարթնեց և տեսավ, որ երազ էր։ Առավոտյան խռովվեց նրա հոգին։ Նա կանչել տվեց Եգիպտոսի բոլոր մոգերին ու նրա բոլոր իմաստուններին, և փարավոնը պատմեց նրանց իր երազները, բայց չգտնվեց մեկը, որ կարողանար դրանք մեկնել փարավոնի համար։ Եվ մատռվակապետը խոսեց փարավոնի հետ՝ ասելով. «Ես այսօր հիշում եմ իմ հանցանքները։ Փարավոնը բարկացել էր իր ծառաների վրա և ինձ ու հացագործապետին դրել էր դահճապետի տան բանտը։ Ես ու նա նույն գիշերը երազ տեսանք. մեզանից ամեն մեկն իր երազը՝ առանձին նշանակությամբ։ Այնտեղ մեզ հետ եբրայեցի մի պատանի կար՝ դահճապետի ծառան։ Մենք պատմեցինք նրան, և նա մեկնեց մեզ մեր երազները՝ ամեն մեկիս տալով իր երազի մեկնությունը։ Եվ ինչպես որ նա մեկնել էր, այնպես էլ կատարվեց։ Նա ինձ իմ պաշտոնին վերադարձրեց, իսկ նրան կախել տվեց»։ Փարավոնը մարդ ուղարկեց և կանչեց Հովսեփին։ Շուտով նրան հանեցին բանտից։ Նա ածիլվեց, փոխեց իր հանդերձները և եկավ փարավոնի մոտ։ Փարավոնն ասաց Հովսեփին. «Երազ եմ տեսել, և չկա մեկը, որ մեկնի այն։ Ես լսել եմ քո մասին. ասում են, որ դու կարող ես երազներ մեկնել»։ Հովսեփը պատասխանեց փարավոնին և ասաց. «Ոչ թե ես, այլ Աստված նպաստավոր պատասխան կտա փարավոնին»։