ԾՆՆԴՈՑ 41
41
Հովսեփը մեկնում է փարավոնի երազը
1Երկու տարի հետո փարավոնը երազ տեսավ. ահա նա կանգնել էր գետի եզերքին։ 2Եվ ահա գետից դուրս ելան գեղեցիկ տեսքով ու պարարտ մարմնով յոթ երինջներ և արածում էին եղեգների մեջ։ 3Եվ ահա դրանց ետևից գետից դուրս ելան ուրիշ յոթ երինջներ՝ տեսքով զազրելի և մարմնով վտիտ, ու կանգնեցին մյուս երինջների մոտ՝ գետի եզերքին։ 4Եվ զազրելի տեսքով ու վտիտ մարմնով երինջները կերան տեսքով գեղեցիկ ու պարարտ այն յոթ երինջներին։ Եվ փարավոնը զարթնեց։ 5Նա նորից քնեց և երկրորդ անգամ երազ տեսավ։ Ահա մեկ ցողունից դուրս էին գալիս յոթ լեցուն և լավ հասկեր։ 6Եվ նրանց ետևից բուսնեցին յոթ վտիտ ու խորշակահար հասկեր։ 7Այդ վտիտ հասկերը կուլ տվեցին ուռճացած և լեցուն մյուս յոթ հասկերին։ Փարավոնը զարթնեց և տեսավ, որ երազ էր։ 8Առավոտյան խռովվեց նրա հոգին։ Նա կանչել տվեց Եգիպտոսի բոլոր մոգերին ու նրա բոլոր իմաստուններին, և փարավոնը պատմեց նրանց իր երազները, բայց չգտնվեց մեկը, որ կարողանար դրանք մեկնել փարավոնի համար։
9Եվ մատռվակապետը խոսեց փարավոնի հետ՝ ասելով. «Ես այսօր հիշում եմ իմ հանցանքները։ 10Փարավոնը բարկացել էր իր ծառաների վրա և ինձ ու հացագործապետին դրել էր դահճապետի տան բանտը։ 11Ես ու նա նույն գիշերը երազ տեսանք. մեզանից ամեն մեկն իր երազը՝ առանձին նշանակությամբ։ 12Այնտեղ մեզ հետ եբրայեցի մի պատանի կար՝ դահճապետի ծառան։ Մենք պատմեցինք նրան, և նա մեկնեց մեզ մեր երազները՝ ամեն մեկիս տալով իր երազի մեկնությունը։ 13Եվ ինչպես որ նա մեկնել էր, այնպես էլ կատարվեց։ Նա ինձ իմ պաշտոնին վերադարձրեց, իսկ նրան կախել տվեց»։
14Փարավոնը մարդ ուղարկեց և կանչեց Հովսեփին։ Շուտով նրան հանեցին բանտից։ Նա ածիլվեց, փոխեց իր հանդերձները և եկավ փարավոնի մոտ։ 15Փարավոնն ասաց Հովսեփին. «Երազ եմ տեսել, և չկա մեկը, որ մեկնի այն։ Ես լսել եմ քո մասին. ասում են, որ դու կարող ես երազներ մեկնել»։ 16Հովսեփը պատասխանեց փարավոնին և ասաց. «Ոչ թե ես, այլ Աստված նպաստավոր պատասխան կտա փարավոնին»։
17Փարավոնն ասաց Հովսեփին. «Երազումս ահա կանգնել էի գետի եզերքին։ 18Եվ ահա գետից դուրս ելան պարարտ տեսքով ու գեղեցիկ յոթ երինջներ, որոնք արածում էին եղեգների մեջ։ 19Եվ ահա դրանց ետևից դուրս ելան նիհար, շատ զազրելի տեսքով ու վտիտ մարմնով ուրիշ յոթ երինջներ, որոնց պես զազրելի չեմ տեսել Եգիպտոսի ամբողջ երկրում։ 20Այդ նիհար ու զազրելի երինջները կերան առաջին յոթ պարարտ երինջներին։ 21Եվ նրանց փորը գնացին, բայց չէր իմացվում, որ նրանք գնացել են նրանց փորը. նրանց տեսքն առաջվա պես զազրելի էր։ Հետո զարթնեցի։ 22Դարձյալ երազում տեսա, որ մեկ ցողունից դուրս էին գալիս յոթ ուռճացած և լավ հասկեր։ 23Եվ ահա դրանց ետևից բուսնեցին յոթ չոր, նիհար ու խորշակահար հասկեր։ 24Այդ նիհար հասկերը կուլ տվեցին այն յոթ լավ հասկերին։ Ես պատմեցի մոգերին, բայց չկա մեկը, որ մեկնի ինձ»։
25Հովսեփն ասաց փարավոնին. «Փարավոնի երազը մեկ է. Աստված իր անելիքը հայտնել է փարավոնին։ 26Այն յոթ լավ երինջները յոթ տարի են, և այն յոթ լավ հասկերը յոթ տարի են. երազը մեկ է։ 27Այն յոթ վտիտ ու զազրելի երինջները, որ դրանցից հետո դուրս ելան, յոթ տարի են, իսկ այն յոթ դատարկ ու խորշակահար հասկերը յոթ տարի սով են նշանակում։ 28Փարավոնին ասած իմ խոսքն այն է, որ Աստված ցույց է տվել փարավոնին, թե ինչ է անելու։ 29Ահա Եգիպտոսի ամբողջ երկրում յոթ տարի մեծ առատություն կլինի։ 30Դրանից հետո կգան սովի յոթ տարիներ, և Եգիպտոսի երկրում կմոռացվի այդ ամբողջ առատությունը, և սովը կսպառի երկիրը, 31և չի իմացվի երկրում առատությունն այն սովի պատճառով, որ դրանից հետո կգա, որովհետև սովը շատ սաստիկ կլինի։ 32Փարավոնի երազի երկու անգամ կրկնվելու պատճառն այն է, որ այս բանը Աստծու կողմից հաստատված է, և Աստված շուտով կատարելու է այն։ 33Թող փարավոնն այժմ հանճարեղ և իմաստուն մարդ գտնի և նրան նշանակի Եգիպտոսի երկրի վրա։ 34Թող փարավոնն այսպես անի. երկրի վրա գործակալներ նշանակի, որպեսզի Եգիպտոսի երկրի առատության յոթ տարիներին վերցվի բերքի մեկ հինգերորդ մասը։ 35Եվ թող հավաքեն գալիք այդ լավ տարիների ամբողջ պաշարը, փարավոնի ձեռքի տակ ցորեն դիզեն և քաղաքներում պաշար պահեն։ 36Այդ պարենը պաշար կլինի երկրի համար այն յոթ տարիների սովի դեմ, որ լինելու է Եգիպտոսի երկրում, որպեսզի երկիրը սովից չկորչի»։
Հովսեփը՝ Եգիպտոսի կառավարիչ
37Այս խոսքը հաճելի թվաց փարավոնին և նրա բոլոր ծառաներին։ 38Փարավոնն ասաց իր ծառաներին. «Կարո՞ղ ենք գտնել այսպիսի մի մարդ, որի մեջ լինի Աստծու Հոգին»։ 39Եվ փարավոնն ասաց Հովսեփին. «Քանի որ Աստված քեզ իմացրել է այս ամենը, ապա քեզ նման հանճարեղ և իմաստուն չկա։ 40Դու իմ տան վրա՛ եղիր, և իմ ամբողջ ժողովուրդը թող հնազանդվի քո խոսքին։ Ես միայն գահով քեզնից մեծ կլինեմ»։ 41Փարավոնն ասաց Հովսեփին. «Ահա քեզ դնում եմ Եգիպտոսի ամբողջ երկրի վրա»։ 42Եվ փարավոնն իր մատից հանեց մատանին և անցկացրեց Հովսեփի մատին, բեհեզյա զգեստներ հագցրեց նրան ու նրա պարանոցին ոսկե մանյակ դրեց։ 43Եվ իր երկրորդ կառքի մեջ նստեցրեց, և նրա առաջից գոչում էին. «Ծնկի՛ եկեք»։ Այսպես Եգիպտոսի ամբողջ երկրի վրա նշանակեց նրան։ 44Փարավոնն ասաց Հովսեփին. «Ես փարավոնն եմ. առանց քեզ ոչ ոք իր ձեռքը կամ իր ոտքը չբարձրացնի Եգիպտոսի ամբողջ երկրի մեջ»։ 45Եվ փարավոնը Հովսեփի անունը դրեց Փսոմփթոմփանե։#41.45 Երկրի փրկիչը։ Եվ Արեգ քաղաքի քուրմ Պետափրեսի աղջիկ Ասանեթին նրան կնության տվեց։ Եվ Հովսեփը ելավ շրջելու Եգիպտոսի երկիրը։
46Հովսեփը երեսուն տարեկան էր, երբ ներկայացավ Եգիպտոսի փարավոն թագավորին։ Հովսեփը, դուրս գալով փարավոնի մոտից, շրջեց Եգիպտոսի ամբողջ երկիրը։ 47Առատության յոթ տարիներին երկիրը խիստ շատ արդյունք տվեց։ 48Եվ յոթ տարիների ամբողջ պաշարը, որ եղավ Եգիպտոսի երկրում, հավաքեց և ամբարեց քաղաքներում. ամեն մի քաղաքի շրջակա արտերի պաշարը նույն քաղաքում ամբարեց։ 49Հովսեփը ծովի ավազի չափ խիստ շատ ցորեն դիզեց, այնքան, որ մարդիկ դադարեցին հաշվելուց, որովհետև անթիվ էր։
50Սովի տարիների գալուց առաջ Հովսեփն ունեցավ երկու որդի, որ նրա համար ծնել էր Արեգ քաղաքի քուրմ Պետափրեսի աղջիկ Ասանեթը։ 51Հովսեփն առաջնեկի անունը դրեց Մանասե,#41.51 Մոռացնող։ «Որովհետև,- ասաց,- Աստված ինձ մոռանալ տվեց իմ բոլոր վշտերը և իմ հոր ամբողջ տունը»։ 52Երկրորդի անունը դրեց Եփրեմ,#41.52 Պտղաբեր։ «Որովհետև,- ասաց,- Աստված ինձ աճեցրեց իմ տառապանքների երկրում»։
53Եվ Եգիպտոսի երկրում առատության յոթ տարիներն անցան։ 54Երբ Հովսեփի ասածի պես եկան սովի յոթ տարիները, բոլոր երկրներում սով եղավ, բայց Եգիպտոսի երկրում հաց կար։ 55Երբ Եգիպտոսի ամբողջ երկիրը քաղցեց, ժողովուրդը հացի համար աղաղակեց փարավոնին։ Փարավոնն ասաց բոլոր եգիպտացիներին. «Գնացե՛ք Հովսեփի մոտ. ինչ որ ասի ձեզ, կատարե՛ք»։ 56Սովը տարածվեց ամբողջ երկրում։ Հովսեփը բացեց բոլոր շտեմարանները, որոնց մեջ պաշար կար, և ցորեն էր վաճառում եգիպտացիներին։ Սովը սաստկացավ Եգիպտոսի երկրում։ 57Եվ բոլոր երկրներից գալիս էին Եգիպտոս՝ ցորեն գնելու Հովսեփից, որովհետև սովը սաստկացել էր բոլոր երկրներում։
Արդեն Ընտրված.
ԾՆՆԴՈՑ 41: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018