ԾՆՆԴՈՑ 4:1-16

ԾՆՆԴՈՑ 4:1-16 ՆՎԱԱ

Ադամը պառկեց իր կնոջ՝ Եվայի հետ, և նա հղիացավ, ծնեց Կայենին։ Եվ ասաց. «Մարդ ստացա Տիրոջով»։ Նա դարձյալ ծնեց. նրա եղբայր Աբելին։ Աբելը ոչխարների հովիվ էր, իսկ Կայենը՝ հողագործ։ Օրեր անցնելուց հետո Կայենը երկրի մրգերից ընծա մատուցեց Տիրոջը։ Աբելն էլ մատուցեց իր ոչխարների առաջնեկներից և դրանց պարարտներից։ Տերը նայեց Աբելին և նրա ընծային, բայց Կայենին և նրա ընծային չնայեց։ Կայենը շատ բարկացավ և երեսը կախեց։ Տերը Կայենին ասաց. «Ինչո՞ւ ես բարկացել և ինչո՞ւ ես երեսդ կախել։ Չէ՞ որ, եթե բարին անես, երեսդ կբարձրանա, բայց եթե բարին չանես, մեղքը դռանդ մոտ պառկած է, և նա քեզ է ցանկանում. բայց դու իշխի՛ր նրա վրա»։ Կայենը խոսեց իր եղբոր՝ Աբելի հետ, և երբ նրանք դաշտում էին, Կայենը հարձակվեց իր եղբոր՝ Աբելի վրա և սպանեց նրան։ Տերն ասաց Կայենին. «Ո՞ւր է քո եղբայր Աբելը»։ Նա պատասխանեց. «Չգիտեմ. մի՞թե ես եղբորս պահապանն եմ»։ Տերն ասաց. «Ի՞նչ ես արել. քո եղբոր արյան ձայնը երկրից բողոքում է ինձ։ Եվ հիմա դու անիծյալ լինես այն երկրից, որ իր բերանը բաց արեց եղբորդ արյունը քո ձեռքից ընդունելու համար։ Երբ մշակես հողը, նա այլևս իր արդյունքը չի տա քեզ. երկրի վրա աստանդական ու թափառական լինես»։ Կայենն ասաց Տիրոջը. «Իմ պատիժն ավելի է, քան կարելի է տանել։ Ահա այսօր ինձ արտաքսեցիր երկրից, և ես քո երեսից ծածկված կլինեմ և երկրի վրա աստանդական ու թափառական կլինեմ, և ով ինձ գտնի, կսպանի ինձ»։ Տերն ասաց նրան. «Ուրեմն ով որ սպանի Կայենին, յոթնապատիկ վրեժ կառնվի նրանից»։ Եվ Տերը մի նշան դրեց Կայենի վրա, որպեսզի ով որ նրան գտնի, չսպանի նրան։ Կայենը հեռացավ Տիրոջ առաջից և գնաց բնակվեց Նայիդ երկրում՝ Եդեմի արևելքում։